Ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ

15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ռուսական խաղաղապահ գումարտակը ժամը 17:00-ին մտել է Ստեփանակերտ քաղաք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը։

«Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները սկսել են Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի և մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման վերահսկողության խնդիրների իրականացումը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է նա։

Կոնաշենկովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում շփման գծի երկայնքով տասը դիտակետեր են տեղակայվել։ Նրանցից չորսը «հարավի» պատասխանատվության տիրույթում են։

«Խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Լաչինի միջանցքը և Լաչինի ճանապարհի մի հատված՝ Լիսագորսկը՝ տեղակայելով վեց ժամանակավոր դիտակետեր»,- հավելել է նա։