Արցախցիների խնդիրներին փորձում են համակարգված լուծում տալ. Շտաբ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանն այսօր հայտարարեց, որ ողջ Հայաստանի տարածքում գործող սոցիալական ապահովության տարածքները սպասարկելու են նաև Արցախից եկածներին։ Նրա խոսքով՝ ծառայությունները մատուցվելու են պարզեցված եղանակով։  

Խոսելով արցախցիների կեցության խնդրի մասին՝ Վիրաբյանը հայտնեց, որ Հայաստանում այդ հարցերը լուծում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Խնդիրները երկկողմանի են։ Մենք փորձում ենք համակարգված լուծում տալ։ Ահազանգերը հրատապ կերպով տեղ ենք հասցնում։ Ես խնդրում եմ մեր քաղաքացիներին չառաջնորդվել այն սկզբունքով, որ միայն պետք է բնակվեն Երևանում։ Խնդիրների գերակշիռ մասը այդ դաշտում է։ Նախարարությունը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ մենք ավելի հասցեական լուծում տանք։ Այսինքն՝ անձինք, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ, տեղավորվեն Երևանում՝ ավելի արդյունավետ բժշկական օգնություն ստանալու նպատակով»,- ասաց Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգողը՝ հավելելով, որ այդ անձանց շարքում են նաև ռազմաճակատում կռված և վիրավորված զինվորները։

Միքայել Վիրաբյանի խոսքով՝ արցախցիներին օգնում են ինչպես նրանց հարազատներն ու պետությունը, այնպես էլ հյուրանոցներն և կամավորները։

«Այս պահի դրությամբ փողոցում հայտնված քաղաքացի չունենք, ունենք այդ ամենի համակարգման խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում լուծվում են։ Մյուս կողմից, հյուրանոցների մասով, տեղեկացել եմ, որ կումունալների վճարումները պետությունը կվերցնի իր վրա, իսկ հյուրընկալված ու հյուրընկալվող՝ Արցախի քաղաքացիների մասով, կարծում եմ, շուտով կլինի Հայաստանի կառավարության որոշումը»,- ասաց նա։

Վիրաբյանը նաև նշեց, որ առաջիկայում կսկսվի արցախցիներին իրենց հայրենիքում տեղավորելու գործընթացը. տեղահանված անձանց բնակարանային խնդիրները առաջնահերթ կլուծվեն Արցախում։

Արցախցիների զբաղվածության հարցը ևս լուծվում է։ Վիրաբյանն ասաց, որ շուրջ 60 կին, որոնք եկել են Հայաստան, արդեն ունեն աշխատանք, բացի այդ նախատեսվում է, որ ևս 300 հոգի կաշխատի Սպիտակի կարի ֆաբրիկայում։

Գևորգ Թոսունյան