Պատերազմը, խնդիրները և Հայաստանի ֆեյսբուքյան հանրապետությունը

Արցախի դեմ 44 օր տևած պատերազմում պարտությունը, որը հայաստանյան ընդդիմադիր շրջանակներն անվանում են «կապիտուլյացիայի ակտ», ծայրաստիճան լարել է ներքաղաքական իրավիճակը: Սկսվել է մեղավորների փնտրտուքը: Քաղաքական դաշտի գերթե բոլոր դերակատարները՝ իշխանությունից մինչև 17 ընդդիմադիր կուսակցություններ, միացել են այս գործընթացին:

Վհուկների որսը թափ է հավաքում, Հայաստանի ֆեյսբուքյան Հանրապետությունն ապրում է իր օրակարգով: Իսկ այդ ընթացքում մեկ այլ շատ դաժան իրողություն է ծավալվում: Պատերազմը նոր է ավարտվել, Արցախն արնահոսում է, մարտադաշտում դեռ շարունակում են մնալ մեր տղաների դիակները, մարդիկ ինչ հնարավոր է վերցնում են շուտով Ադրբեջանին հանձնվող Քարվաճառից ու քոչում, ինչ չեն կարողանում հետները տանել, վառում են: Հայաստանում շուրջ հարյուր հազար արցախցի փախստականներ կան, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ՝ բնակարան, սնունդ, հագուստ:

Երևանի փողոցներում ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը՝ անվանելով վերջինիս «դավաճան»: Վարչապետը պարբերաբար ուղիղ հեռարձակումներով հակադարձում է՝ դավաճանի պիտակ կպցնելով իրեն կշտամբող քաղաքական ուժերին, կոչ անում «պատրաստվել վրեժի»: Պետական քարոզչությունը շրջանառում է վարչապետին առաջնագծից աջակցություն հայտնող զինծառայողների ու կամավորականների հայտարարությունները: Բանը հասավ նրան, որ առաջնագծից վերադարձած ռազմական համազգեստով մարդկանց մասնակցությամբ ընդդիմության հանրահավաքի ժամանակ հրմշտոց սկսվեց:

Խնդրիների լուծման օրակարգի ձևավորման, մտածելու, համախմբվելու, միմյանց ճշմարտությունն ասելու ու աշխատելու, աշխատելու, աշխատելու փախարեն մեղավորների փնտրտուք է: Բռնել խաչել, գամել անարգանքի սյունին: Ոչ մի տեղ չտանող ճանապարհ: Որևէ կերպ վերը նշված խնդիրները չլուծող ուղի: Այն ինչ կատարվում է այս օրերին Հայաստանում, հիշեցնում է Վրաստանը 1992թ.: Լուծումների բացակայության դեպքում պետությունը կարող է հայտնվել «ուկրաինացման» ճանապարհին: Պետական ինստիտուտներն արդեն կաթվածահար վիճակում են: «Իմ քայլ»-ականները չեն խոսում հրապարակային՝ անգամ իրենց աջակցողների հետ:

Գուցե վախենում են, որը բնական է ստեղծված իրավիճակում, բայց դա իշխանության ու քաղաքականության դաժան կողմերից է: Իշխանությունը ոչ միայն լիազորություններ է, հարմարավետ գրասնեյակներ, չարչրկված պարգևավճարներ կամ ավտոմեքենաներ, այլ պատասխանատվություն ցավոտ հարցերի համար, դրանց լուծման ուղիների փնտրտուք: Հայաստանում իշխանության փաթեթի մեջ առաջին հերթին դրված է Արցախի խնդիրը, մնացածը բոնուս է:

Հիմա լուծումների ժամանակն է: Օրակարգը պետք է ներկայացնի իշխանությունը, խոսի անկեղծ, առանց մեղավորներ փնտրելու: Եթե պահն է, որ լինեն հրաժարականներ ու արտահերթ ընտրություններ, պետք է գնալ այդ քայլին: Ռեպրեսիաները հարցի լուծում չեն: ԱԺ դարպասները զոդելը ձեր իսկ հայտարարած արժեքներից հետքայլ է: Ինչ խոսք, պետական նշանակության շենքերը պետք է հուսալի պաշտպանության տակ վերցնել:

Հրաժարականի պահանջին պետք է շատ նորմալ վերաբերվել: 1998թ. փետրվարի 3-ին պատերազմը հաղթած երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: ԼՂ հիմանխնդրի լուծում էր առաջարկում, չհամաձայնեցին, հեռացավ: Պարզվեց՝ նա ճիշտ էր, մնացածը՝ սխալ:

Հիմա մի քանի հարցեր.

1. Պատերազմը պարտված երկրի ղեկավարությունը ի՞նչ պետք է անի:

2. Դիվանագիտության ճանապարհով պատերազմը չկանխած ԱԳ նախարարությունը, բարձրաստիճան դիվանագետներն ի՞նչ պետք է անեն:

3. Բանակը 21-րդ դարի կամ ինչպես հիմա նշում են՝ 5-րդ սերնդի պատերազմին չպատրաստած ՊՆ և ՊԲ ղեկավարությունն ի՞նչ պետք է անեն:

Բա ո՞ւր մնաց պատասխանատվության ինստիտուտը: Հայաստանին ու Արցախին անցնցում լուծումներ են պետք: Երկուսն էլ դեռ արնահոսում են:

Անթույլատրելի է պատերազմին մասնակցած կամավորների ու զինվորականների քաղաքականացումը։ Դադարեցրե՛ք առաջնագծից Նիկոլ Փաշինյանին աջակցող ուղերձներ հղող կամավորականների տեսանյութերը հեռարձակել Հ1-ով: Առհասարակ, հրամանատարությունը պետք է դա կանխի:

Եթե նախկինում ընտրությունից ընտրություն էր բանակը քաղաքականացվում բարձրագույն հրամանատարության մակարդակով, այժմ առաջնագծում կանգնած զինվորն էլ է քաղաքական թեմաների մեջ մտել: Հետո պատուհաս են դառնալու: ՀԱԲ-ի օրինակը՝ վկա: Երևանում զինված խմբերը կամ գվարդիաները քաղաքացիական պատերազմի մեկնարկի առաջին ազդանշանները կդառնան:

Ցավոք սրտի, ապագա ՀԱԲ-ը զինափաթող Վազգեն Սարգսյան և Վանո Սիրադեղյան չկան: Ուրեմն խնդիրն արմատից է պետք լուծել: Պատերազմական գործողություններից վերադաձողներին ոչ թե պետք է ռազմական համազգեստով դարձնել քաղաքական հակամարտություններին մասնակից, այլ նրանց հոգսերը թեթևացնել, ցավն ամոքել, փոխհատուցել կորուստները, ներողություն խնդրել: Ու ամենակարևորներից մեկը՝ բանակը շատ արագ բերել մարտունակ վիճակի, դասեր քաղել այս պատերազմից, զարգացնել այն տեխնոլոգիապես:

Խառնաշփոթ կոչվող գնացքի ընթացքը պետք է կասեցնել: Սա քաղաքացիական պատերազի ու պետության փլուզման ճանապարհ է:

Լուծումներ են պետք, ոչ թե հաթաթաներ: Եթե հրաժարականն է լուծումը, ուրեմն դա պետք է արվի: Ինչպես և երբ՝ քաղաքական ու մասնագիտական քննարկումների հարց է: Եթե ազգային համաձայնության կառավարություն է լուծումը, պետք է այն կազմել: Բայց առանց ցնցումների:

Վրեժի մասին ընդհանրապես մոռացեք:

Մեկնաբանել