Beige Book-ը հուսադրել է ամերիկացիներին

ԱՄՆ-ի տնտեսությունը 2012թ. փետրվարի կեսից մինչև մարտի վերջն ընկած ժամանակահատվածում շարունակել է զարգանալ «զուսպ և չափավոր» տեմպերով, ասված է Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հերթական զեկույցում, որը, ըստ կազմի գույնի, կոչվում է «Բեժ գիրք» (Beige Book)։ Վերջինիս համաձայն՝ ամերիկյան տնտեսությունն աճել է 12 շրջաններում և գրեթե բոլոր ոլորտներում։

ԴՊՀ-ն ակտիվության աճ է արձանագրել արտադրության և մանրածախ առևտրի ոլորտում, ինչպես նաև աշխատաշուկայում՝ չնայած վառելիքի գների բարձրացմանը։

«Զբաղվածությունը եղել է կայուն կամ չափավոր աճ է արձանագրել շրջանների մեծ մասում»,-ասված է զեկույցում։

Միաժամանակ՝ ԴՊՀ-ն իր մտահոգությունն է հայտնել բենզինի բարձր գների կապակցությամբ։

Գնաճի տեմպերը, ըստ ԱՄՆ-ի ԿԲ-ի, ընդհանուր առմամբ, չափավոր էին։

Փետրվար-մարտին հինգ շրջաններում (Բոսթոն, Ատլանտա, Չիկագո, Դալաս և Սան Ֆրանցիսկո) ԴՊՀ-ն արձանագրել է տնտեսական ակտիվության աճ, իսկ Սենտ Լուիսում և Քլիվլենդում՝ «զուսպ» աճ։ Նյու Յորքում արձանագրվել է աճի տեմպերի բարձրացում, Ֆիլադելֆիայում և Ռիչմոնդում՝ գործարար ակտիվության բարելավում։

Արդյունաբերական հատվածի ներկայացուցիչները նշում են ավտոմոբիլաշինության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ակտիվության աճ։ «Ընկերությունները լավատես են առաջիկա ժամանակահատվածի աճի հեռանկարների հարցում, սակայն որոշակիորեն մտահոգ են՝ նավթի աճող գների պատճառով»,- ասված է Beige Book-ում։

Bank of Tokyo-Mitsubishi UFJ ֆինանսական շուկաների գլխավոր տնտեսագետ Քրիս Ռապկիի խոսքով՝ նոր Beige Book-ի թողարկումը ևս մեկ անգամ վկայում է, որ ԴՊՀ-ն հիմքեր չունի պետպարտատոմսերի թողարկման նոր ծրագրի մեկնարկի համար։

ԴՊՀ-ն, իր հերթին, չի ակնկարկել դրամավարկային քաղաքականության հետագա մեղմացման անհրաժեշտության մասին։

Նշենք, որ Bloomberg-ի կողմից հարցված փորձագետներն ընթացիկ տարվա համար կանխատեսում են ԱՄՆ-ի տնտեսության 2,2%, իսկ 2013թ.՝ 2,4% աճ:

Մեկնաբանել