Կարո՞ղ ենք արդյոք շտկել Հայաստանին պարտադրված փաստաթուղթը

44-օրյա պատերազմում Հայաստանն ու Արցախը պարտություն են կրել ռազմի դաշտում: Որպես հետևանք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտադրվել է փաստաթուղթ, որը նա ստորագրել է, քանի որ պարտված կողմը գլուխը կախ անում է այն, ինչ որոշում է հաղթող կողմը: Սա պետք է ընդունենք որպես դաժան իրականություն և առաջ շարժվենք՝ փորձելով որոշակի շտկումներ և բարելավումներ մտցնել արդեն բանակցային գործընթացում:

Նիկոլ Փաշինյանը կամ նրա արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը չեն կարող դա անել, քանի որ հոգեբանորեն և այլ առումներով պարտված են և սպառված: Հայաստանին անհրաժեշտ են նոր բանակցողներ: Սահմանադրական ճանապարհով դեմքերի փոփոխությունից և նոր ընտրություններից հետո հնարավորություններ կան գոնե մասամբ շտկումներ ու բարելավումներ մտցնել Արցախի ինչպես տարածքային, այնպես էլ անվտանգության հարցերում:

Այդպիսի օրինակ՝ մենք ունեցել ենք ուղիղ 100 տարի առաջ, երբ քեմալական Թուրքիան Հայաստանին ու նրա ՀՅԴ-ական ղեկավարությանը պարտադրում էր Ալեքսանդրապոլի դաշնագիրը: 1920-ի ամռանը հայ պետական ու քաղաքական միտքը վարչապետ Համո Օհանջանյանի ղեկավարությամբ, փոխանակ տեսնելու ակնհայտը՝ թուրքերի պատերազմի նախապատրաստությունը, Սևրի փաստաթուղթն էր ճոճում և տոնախմբություն կազմակերպում Հայաստանի տարբեր վայրերում: 2020-ի ամռանը Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը, նաև նախագահ Արմեն Սարգսյանը, տեսնելով Ադրբեջանի նախապատրաստությունը նոր պատերազմին, Տավուշի հուլիսյան հաղթանակ էր տոնում Սարդարապատում՝ միաժամանակ ճոճելով Սևրի 100-ամյակի փաստաթուղթը:

Երբ 1920թ սեպտեմբերի 23-ից քեմալականները հարձակվեցին Օլթիից և մինչև նոյեմբերի 7-ը գրավեցին Սարիղամիշը, Կարսը, Իգդիր-Սուրմալուն և Ալեքսանդրապոլը՝ մինչև 30 հազար քառակուսի կիլոմետր հայկական հող, Օհանջանյանի կառավարությունը ընդունեց Քյազիմ Կարաբեքիրի վերջնագիրը և շաբաթներ անց հրաժարական տվեց: Սիմոն Վրացյանի նոր կառավարությունը երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին որպես բանակցող գործուղեց Ալեքսանդրապոլ, որտեղ նախ Հայաստանը հրաժարվեց Սևրի փաստաթղթից, ապա և ստորագրեց թուրքերի բոլոր պայմանների տակ:

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի և վարձկան ջիհադականների օժանդակությամբ պատերազմ սկսեց և մինչև նոյեմբերի 7-ը գրավեց Ջեբրայիլը, Հադրութը, Զանգելանը, Ղուբաթլուն, Ֆիզուլին, Լաչինի մի մասը և Շուշին: Նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթով հայկական ուժերը մինչև դեկտեմբերի 1-ը պետք է դուրս գան Քարվաճառից, Աղդամից և Լաչինի մնացած հատվածից: Այսպիսով, 44 օրերի ընթացքում մենք կորցնում ենք շուրջ 8 հազար քառակուսի կիլոմետր տարածք, այդ թվում նախկին ԼՂԻՄ-ից Հադրութի շրջանն ամբողջությամբ և բերդաքաղաք Շուշին ու շրջակա տարածքը:

Համեմատե՛ք 1920-ի աշունը 2020-ի աշնան հետ: Կարծես մեր պարտության, դիվանագիտական տգիտության ու ազգային ողբերգության կրկնությունն ենք ապրում:

Բայց 1920-ին, այնուամենայնիվ, Հայաստանին հաջողվեց հետ ստանալ քեմալականների կողմից զավթված մի կտոր հող՝ շուրջ 1 000 քառակուսի կիլոմետր տարածք:

Շիրակի Ամասիայի շրջանը կամ տարածքը, որը պատմագրության մեջ հանդիպում է նաև Աղբաբա ձևով, 1920-ին Հայաստանի Հանրապետության, ապա և Խորհրդային Հայաստանի մաս է կազմել ուշագրավ հանգամանքների բերումով: Ինչպես իրենց հուշերում գրել են 1920-ի նոյեմբերից Ալեքսանդրապոլում թուրքերի՝ Քյազիմ Կարաբեքիրի հետ բանակցություններ վարող հայ պատվիրակները, թուրքերը մտադիր էին նաև տիրանալ Աղբաբային:

Թուրքերը, սակայն, Աղբաբայի շրջանը՝ շուրջ 1 000 քառակուսի կիլոմետր տարածք, զիջեցին հայերին: Այդ զիջումը բացատրվում էր ոչ միայն հանուն հայ-թուրքական բարեկամության ապագայով, այլ նրանով, որ բոլշևիկներն ու քեմալականները արդեն պայմանավորվել էին, որ Սուրմալուն կանցնի թուրքերին, որի դիմաց թուրքերը պետք է հրաժարվեին Բաթումի շրջանից՝ հօգուտ ապագա Խորհրդային Վրաստանի: Բայց քանի որ Սուրմալուն տարածքով ավելի մեծ էր Բաթումի շրջանից, այդ տարբերությունը լրացնելու համար թուրքերը զիջեցին Ամասիան:

Այսպիսով, 1920-ի աշնանը պարտված և կապիտուլյացիայի ենթարկված Հայաստանը կարողացավ գոնե հետ ստանալ 1 000 քառակուսի կիլոմետր հող, թեև կորցրել էր 30 հազար քառակուսի կիլոմետր՝ այսօրվա ՀՀ-ի չափ տարածք:

Հնարավո՞ր է արդյոք, որ այսօր պարտված և կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած Հայաստանը բանակցություններում ի վիճակի լինի շտկումներ ու բարելավումներ մտցնել: Դա կախված է մի շարք հանգամանքներից և իրողություններից: Այո՛, հնարավոր է, և պետք է դիվանագիտական ու քաղաքական լրջագույն ջանքեր ներդնել և փորձել հետ ստանալ ու պահել գոնե նվազագույնը: Նիկոլ Փաշինյանի և Զոհրաբ Մնացականյանի հետ դա գրեթե անհնար է:

Մեկնաբանել