4 750 զոհի մասին տեղեկությունը «լկտի սուտ է»․ Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն արձագանքել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի գրառմանն այն մասին, որ «պատերազմում հայկական կողմն ունեցել է 4 750 զոհ»։

«Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մինասյանի այն գրառման, որ իբր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4 750 զոհ, հայտնում ենք, որ այդ գրառման մեջ ներկայացված տեղեկատվությունը լկտի սուտ է: Սույն օգտատիրոջ կողմից անամոթաբար կեղծիք տարածելը ծանոթ գործելաոճ է, սակայն հայկական կողմի զոհերի վերաբերյալ ուռճացված թվեր ներկայացնելը անցնում է բոլոր սահմանները:

Առողջապահության նախարարությունը, որպես բոլոր զոհերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմին, պաշտոնապես հայտնում է, որ չկան «1 400 զոհված և դեռևս չհերձված» ոչ մի դի, ինչպես նշված է սույն օգտատիրոջ գրառման մեջ:

Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2 317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: Հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:

Այս նուրբ թեման կեղծ տեղեկություններով շահարկելու հաշվին քաղաքական դիվիդենտեր հավաքելը դուրս է բարոյականության բոլոր սահմաններից:

Առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից ցավակցում ենք որդի կորցրած բոլոր մայրերին, հայրերին և նրանց հարազատներին: Ցավում ենք, որ ստիպված էինք այս թեմայով նման գրառում անել»,- գրել է Նիկողոսյանը։

Մեկնաբանել