Իշխանությունների բումերանգը

Վերոնշյալ օրինակները վստահաբար չեն ամբողջականացնում վերջին դարի մարդկային բողոքի դրսևորման ողջ տեսականին:

Բողոքը մարդկությանն առաջ մղող ուժն է: Ավտորիտար, անարդյունավետ երկրներում դժգոհությունները տարբեր եղանակներով զսպվում են, ճնշվում, ինչը բերում է դրանց կուտակմանն ու սրմանը, որպես կանոն՝ վերջանում պայթյունով: Ազատ երկրներում նույնպես հասարակությունները բողոքում են՝ ժամանակ առ ժամանակ զգալով կտրուկ, արմատական փոփոխությունների անհրաժեշտություն: Տարբերությունն այն է, որ ժողովրդավարական ռեժիմներում քաղաքական ուժերի կողմից որսվում են հասարակական այս ձգտումները, ինստիտուցիոնալ տեսք ստանում և ապա ընտրություններ կոչվող գործիքի միջոցով հայտնվում որոշում ընդունողների օրակարգում: Բողոքի արտահայտման իրավունք տալով՝ հնարավորություն է ստեղծվում խնդիրների վերհանման և լուծումներ գտնելու համար:

Արցախում բողոքի արտահայտման ամենամեծ «ժողովրդականություն» վայելող ձևն արտագաղթն է: Ցավոք սրտի, վերջին տարիներին հիմնականում «աղքատացել» է քաղաքացիական հասարակությունը և լրագրությունը: Բազմաթիվ ակտիվ և պրոֆեսիոնալ անձինք, նաև որոնց շնորհիվ ժամանակին Արցախի քաղաքացիական հասարակությունը համարվում էր Հարավային Կովկասում ամենաակտիվը, տեղափոխվել են Երևան և այլուր: Հենց նրանք էլ արտագաղթողների ամենաերևացող շերտն են:

Ինչո՞ւ է արտագաղթը բողոքի դրսևորման ամենատարածված ձևերից մեկը: Ինչո՞ւ արցախցիները չեն բարձրաձայնում իրենց խնդիրները, ինչո՞ւ դրանք չեն որսվում քաղաքական ուժերի կողմից:

Պատճառը բողոքը վերհանող լրատվամիջոցների, ինչպես նաև դասական առումով քաղաքական ուժերի բացակայությունն է:

Կուսակցություններն Արցախում գործադիր ու օրենսդիր մի քանի պաշտոնի համար պայքարող անձանց խմբեր են, որոնք լուծում են միայն անձնական, նեղ խմբակային հարցեր, երկրում առկա խնդիրներն ամբողջովին օտար են նրանց: Դրա վառ օրինակը ԼՂՀ Ազգային ժողովն է՝ իր միաձայն քվեարկություններով, հասարակությանը հուզող տարբեր հարցերի շուրջ կուսակցությունների, հատկապես խորհրդարանական ուժերի լիակատար անտարբերությամբ:

Բողոքի դրսևորման հետաքրքիր ձև է Հայ առաքելական եկեղեցու կողմից աղանդ համարվող որոշ բողոքական կրոնական կազմակերպությունների անդամների համալրումը: Այս կազմակերպությունների հոգևոր հովիվները իրենց քարոզներում և զրույցներում բավական շատ են խոսում սոցիալական անարդարությունից, իշխանավորների շվայտ կյանքից, քարոզները հաճախ վարվում են արցախյան բարբառով, քարոզողներն էլ համեստ կյանքով ապրող անձինք են: Իր խնդիրներին մամուլում, քաղաքական տարբեր ամբիոններից արձագանքող չգտնելով՝ արցախցիներից ոմանք մխիթարություն են փնտրում կրոնական կազմակերպություններում: Այս միտումն ավելի է ընդգծվում Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների շքեղ կյանքի ֆոնին, ինչպես նաև Ամենայն հայոց հայրապետի քաղաքականության պատճառով. Արցախում առկա հոգևոր վակուումը, ինչը հոգևոր սպասավորների պակասի հետևանք է, Հայոց հայրապետը լրացնում է բարձր հեղինակություն վայելող հոգևորականին կարգալույծ անելով:

Անկախ մամուլ, ակտիվ քաղաքացիական հասարակություն և մրցակցային քաղաքական հասարակություն թույլ չտալով՝ Արցախի իշխանությունները բումերանգ են նետում, որի հարվածը ցավալիորեն ծանր կարող է լինել բոլորի, առաջին հերթին՝ իշխանությունների համար:

Մեկնաբանել