Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը փաստահավաք են իրականացրել, որին ներկա էր բարոնուհի Քոքսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է արել արցախցի պաշտոնակից Արտակ Բեգլարյանի հետ իրականացրած համատեղ փաստահավաք աշխտանքների մասին, որոնց ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի Քերոլայն Քոքսը:

«Արցախում իմ գործընկերոջ՝ Արտակ Բեգլարյանի հետ իրականացրինք համատեղ փաստահավաք աշխտանքներ, որոնց ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի տիկին Քերոլայն Քոքսը:

Տիկին Քերոլայն Քոքսին Արցախում ուղեկցում էին միջազգային լրագրողներ և փորձագետներ:

Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու, առհասարակ, նրանց կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները, որոնք դիտավորություն են ունեցել առաջացնելու Արցախի խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության և շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումները:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր համատեղ փաստահավաք աշխատանքների արդյունքները և տիկին Քերոլայնի ուղերձը մանրամասն կհրապարակենք այս պահին տարվող ամփոփումներից հետո»,- գրել է Թաթոյանը։

Մեկնաբանել