Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր դատարանից դուրս գալով՝ հայտարարեց, որ իշխանությունը փորձում է իրեն լռեցնել, ինչը չի ստացվել։ Մինչ այդ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր ԱԱԾ նախկին տնօրենին ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը, որը բավարարեց։

ԱԱԾ-ն Վանեցյանին մեղադրանք է առաջադրել երեք տարբեր հոդվածներով։ Ըստ իրավապահների՝ նա նախնական համաձայնության գալով Աշոտ Ավագյանի, Վահրամ Բաղդասարյանի և Աշոտ Մինասյանի հետ, դիտավորությամբ ստեղծելով այլ պայմաններ, նախապատրաստել է պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, որպիսի գործողություններն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով։ Այդ պետական գործիչն, ըստ ԱԱԾ-ի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։