Sony-ն 10 հազ․ աշխատատեղ է կրճատում

Ընկերության նոր նախագահ Կազուո Հիրայիի խոսքով՝ կադրային կրճատումներն ընկերության բարեփոխումների մի մասն են, որոնք կոչված են ավելացնելու աշխատանքների արդյունավետությունը։

«Որդեգրելով մոտեցումը, որը ենթադրում է որոշումների արագ ընդունում և հիմնված է Sony ընկերությունների ամբողջ խմբի առավելությունների օգտագործման վրա, մենք մտադիր ենք վերակենդանացնել և զարգացնել էլեկտրոնիկայի արտադրության գծով մեր բիզնեսը»,- ասված է Sony-ի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ երեքշաբթի Sony-ն հայտարարել էր $6,4 մլրդ տարեկան վնասի մասին, ինչը կրկնակի գերազանցել էր շուկայի կանխատեսումները։

Ակնկալվում է, որ կրճատումները կկատարվեն առաջիկա տարվա ընթացքում։ Դրանք կանդրադառնան այն աշխատակիցների վրա, որոնք աշխատում են ընկերության՝ վաճառքի հանված ստորաբաժանումներում, այդ թվում՝ Samsung-ի հետ հեղուկբյուրեղապակյա դիսփլեյների համատեղ արտադրությունում։

Ի դեպ՝ կադրային կրճատումների մասին լուրերը լրատվամիջոցներում դեռ մի քանի օր առաջ էին հայտնվել, սակայն Sony-ի պաշտոնական ներկայացուցիչները BBC-ին տված հարցազրույցում շտապել էին հերքել դրանք։

Մեկնաբանել