Պուտին․ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, քանի դեռ պահպանվում է ստատուս քվոն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռոսիա հեռուստատեսության հետ զրույցում:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը հեռանկարում իրավիճակի կարգավորման հնարավորություն է տալիս, նշել է նա:

Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումը նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքն է:

«Ամենակարեւորը, ինչ հաջողվել է անել, արյունահեղությունը դադարեցնելն է»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

«Հոկտեմբերի 19-20-ին գրեթե պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին, սակայն չստացվեց»,- ասել է նա։

Պուտինն ասել է, որ հոկտեմբերին համոզել էր Ալիեւին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում Շուշի փախստականների վերադարձի պայմանով, սակայն Փաշինյանը, ի զարմանս իրեն, դեմ է եղել և որոշել է շարունակել պատերազմը։ 

Պուտինն ասել է, որ իրադրությունը Ղարաբաղում մինչեւ մարտերի դադարեցումը կրիտիկական էր, հաշիվը ժամերով էր ընթանում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ վարել հնարավոր չէր ժամանակի սղության պատճառով։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի շուրջ ձեռք բերված ներկայիս համաձայնությունից Հայաստանի հրաժարվելը երկրի համար ինքնասպանություն կլիներ։

Խոսելով, թե ինչու Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չի միջամտել, նա ասել է, որ Հայաստանի տարածքի վրա ոչ ոք չի հարձակվել։

«Միջազգային իրավունքով Ղարաբաղը միշտ էլ եղել է Ադրբեջանի անբաժանելի մասը։ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել, Հայաստանի վրա ոչ ոք չի հարձակվել»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Փաստը, որ Թուրքիան Ադրբեջանի կողմն է կանգնել ղարաբաղյան հակամարտությունում, Պուտինն  անվանել է ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանք։

«Ինչ վերաբերում է Թուրքիային, Թուրքիայի դերին, ապա այդ մասին քաջ հայտնի է, այդ մասին բազմիցս խոսել են Ադրբեջանում, և թուրքական կողմը դա երբեք չի թաքցրել։ Նրանք միակողմանիորեն աջակցել են Ադրբեջանին», – ասել Է Պուտինը:

Դժվար է Թուրքիային մեղադրել ղարաբաղյան հակամարտության մեջ միջազգային իրավունքի խախտման մեջ, թեեւ համային գնահատականները կարող են տարբեր լինել, նշել Է Պուտինը:

 

Անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական իրավիճակին՝ ՌԴ նախագահը կարծիք է հայտնել, որ հարկավոր է միավորել հանրությանը, ոչ թե մասնատել։ Միաժամանակ նա պնդել է, թե Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ուղղված մեղադրանքները հիմքեր չունեն․ «Նրա (Փաշինյանի) հասցեին հնչող դավաճանության վերաբերյալ մեղադրանքները որևէ հիմքեր չունեն»,- ընդգծել է Պուտինը։