«Դժբախտ, դժգույն» Շուշիի անկումը. Ինչո՞ւ այսպես եղավ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ «հոկտեմբերի 19-20-ին գրեթե պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին, սակայն չստացվեց»։ Պուտինն ասել է, որ հոկտեմբերին համոզել էր Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում Շուշի փախստականների վերադարձի պայմանով, սակայն Փաշինյանը, ի զարմանս իրեն, դեմ է եղել և որոշել է շարունակել պատերազմը։ 

Երեկ հայտարարություն է տարածել Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը. «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում»:

Հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնվել Պուտինի առաջարկությանը, երբ հստակ ունեցել է տեղեկատվություն Հայկական բանակի կարողությունների վերաբերյալ:

Առաջին. ամենայն հավանականությամբ, վարչապետը հույս է ունեցել, որ, այնուամենայնիվ, հնարավոր կլիներ Շուշին պահել՝ հաշվի առնելով բերդաքաղաքի անառիկության մասին համոզումն ու հայոց մեջ ընդունված հավատը: Համոզված է եղել, որ ոչ միայն հնարավոր կլիներ պահել Շուշին, այլ հենց Շուշիի մատույցներում բեկում մտցնել:

Երկրորդ. նախընտրելի է համարել թեկուզ մեծ զոհերով ու զոհողություններով և պատերազմական գործողություններով քաղաքը կորցնել, քան բանակցային ճանապարհով համաձայնություն տալ Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձին:

Կարող են լինել այլ տարբերակներ, իսկ հարցին ամբողջական պատասխան տալու համար անհրաժեշտ է նաև Նիկոլ Փաշինյանի բացատրությունը՝ ինչպես, ինչու և ինչ հանգամանքներում է ընկել Շուշին, որը նա խորհրդարանում բնորոշեց «դժբախտ, դժգույն քաղաք» անունով:

Այստեղ շատ կարևոր է հիշեցնել, որ Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը եղել է բանակցային գործընթացի էական մասերից: Եթե «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» շրջանում՝ 1994-ի մայիսից ի վեր Բաքուն պնդել է Շուշի փախստականների վերադարձը, ապա նույնը և ավելի ագրեսիվ կերպով պետք է աներ պատերազմի ընթացքում, երբ ամեն օր գետնի վրա հասնում էր հաջողության և կանոնավոր ու վարձկան զորքերով մոտենում Շուշիին:

1997 թվականին դեկտեմբերին ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի փուլային առաջարկում, որը, որոշ վերապահումներով, ընդունելի էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար, Շուշիի հետ կապված ասվում էր, որ բանակցությունների ճանապարհով պետք է կարգավորվեն «ԼՂ կարգավիճակի որոշումը և Լաչինի, Շուշիի ու Շահումյանի հետ կապված խնդիրները»: 

Թեև հստակ չի նշվում փախստականների անունը, բայց ակնհայտ է, որ Շուշիի և Շահումյանի հարցը դրվում է մեկ հարթության մեջ: Դրանից մի քանի ամիս առաջ՝ 1997-ի հուլիսին Մինսկի խմբի ներկայացրած փաթեթային առաջարկում Շուշիի և Շահումյանի հարցը շատ մանրամասն է ներկայացված՝ 6 առանձին կետերով, մասնավորապես. կողմերը երկու հատվածներից դուրս են բերում իրենց զինված ստորաբաժանումները, տեղահանված անձինք կարող են վերադառնալ իրենց նախկին մշտական բնակության վայրերը, վերադարձած բնակիչները օգտվում են բոլոր քաղաքացիական իրավունքներից, Շուշի քաղաքի և Շահումյանի շրջանի բնակիչները կունենան երաշխավորված հասանելիություն ճանապարհների, կապի և այլ հարաբերությունների համար մնացյալ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հետ:

1998թ նոյեմբերին Մինսկի խմբի կողմից ներկայացված ընդհանուր պետություն անունը ստացած առաջարկներում Շուշիի և Շահումյանի մասին առանձին գլուխ էր նվիրված, որում, մասնավորապես ասվում էր. կողմերը համաձայնում են, որ բոլոր ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ Շուշի քաղաքի իրենց բնակատեղիները, նրանց անվտանգությունը կերաշխավորվի ԼՂ համապատասխան իշխանությունների կողմից, նրանք կունենան ԼՂ բոլոր քաղաքացիներին հավասար իրավունքներ, նույնպիսի իրավունքներ կստանան նաև հայ փախստականները` քաղաք Շահումյան վերադառնալու դեպքում, Շուշի և Շահումյան քաղաքների բնակիչները որևէ սահմանափակում չեն ունենա` օգտվելու ճանապարհներից, կապից և այլ հարաբերություններից մնացած Ադրբեջանի և ԼՂ-ի հետ: 

Իսկ արդեն 2001-ին, Քի Վեսթում, Հայաստանը համաձայնություն էր տվել Շուշի ադրբեջանցիների վերադարձին: Ավելին, քննարկվել է անգամ Ադրբեջանից դեպի Շուշիի միջանցք ստեղծելու հնարավորությունը՝ Ֆիզուլի-Շուշի ճանապարհով։ Ճիշտ է, այդ միջանցքը չէր ունենալու այն կարգավիճակը, ինչպիսին ունենալու էին Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապով 8 մետր լայնությամբ միջանցքը (sovereign passage) Արաքսի երկայանքով, առավել ևս՝ Հայաստանն ու Արցախը միմյանց կապող Լաչինի 20 կիլոմետր լայնությամբ միջանցքը։  

Մադրիդյան, Կազանի և մյուս նորացված փաստաթղթերում Շուշիի և Շահումյանի մասին հստակ ձևակերպումներ չկան, քանի որ դրանք ոչ թե համապարփակ առաջարկներ են, ինչպես 1997-ի փաթեթայինն ու փուլայինը, 1998-ի ընդհանուր պետությունը, 2001-ի Քի Վեսթը, այլ կարգավորման սկզբունքներ: Հետևաբար, երբ դրանք լցվեին տեքստով, Շահումյանի և Շուշիի հարցը կրկին գալու էր օրակարգ:

Իսկ ի՞նչ ունեցանք այսօր: Կորցրեցինք Շուշին կռիվներով ու հարյուրավոր զոհերով ու վիրավորներով: Այլևս հնարավոր չէ մեկ հարթության մեջ դնել Շուշիի ու Շահումյանի հարցը, քանի որ մենք պարտվել ենք պատերազմում: Մենք կորցրեցինք նաև Հադրութը, որ ԼՂԻՄ մաս էր: Ադրբեջանը ինքն է որոշելու և արդեն որոշել է, թե ինչպես պետք է կառուցի նոր ճանապարհը Ֆիզուլիից դեպի Շուշի: Լաչինի միջանցքը լինելու է ոչ թե 20 կամ ավելի կիլոմետր, այլ միայն 5:

1991-1994թթ. պատերազմում հազարավոր զոհերով, վիրավորներով ու զրկանքներով, շրջափակումների ենթարկվելով Հայաստանը կարողացել էր առավելություն ստանալ Ադրբեջանի նկատմամբ և եթե 1997-ին կամ հետագայում մենք խոհեմ լինեինք, ապա արդեն տասնամյակներ կունենայինք խաղաղություն, բաց սահմաններ, չէինք տա հազարավոր զոհեր և վերջապես կխուսափեինք 2020-ի սեպտեմբերյան աղետալի պատերազմից, որի 44 օրերին մենք կորցրեցինք ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ՝ ստորագրելով մի փաստաթուղթ, որը ոչ թե բանակցված, այլ պարտադրված տեքստ է: