Կարելի է անցկացնել ընտրություն վեց ամիս կամ մեկ տարի անց, սակայն ոչ հիմա․ Էրիկ Հակոբյան

Քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանը ՍիվիլՆեթի Էմիլիո Կրիկիոյի հետ զրույցում խոսում է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականի, երկրում ներքաղաքական ճգնաժամի և դրանից դուրս գալու տարբերակների մասին։ Զրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարական է տվել։ Ի՞նչ եք կարծում այս մասին, և ըստ Ձեզ՝ ով կարող է նրան փոխարինել։

Հիսուն օր ուշացած էր։ Այս խնդրի շուրջ նախկինում էլ եմ խոսել, մեր դիվանագիտական թիմը ամենաբարձր մակարդակով մեզ ձախողման տարավ։ Ակնհայտորեն, նկատի չունեմ գրասենյակային աշխատողներին, խոսքը այն մարդկանց մասին է, որոնք տեսլական ունեին, թե ինչ պետք է անել։ Ինչ վերաբերում է Մնացականյանին, հետևյալ հանգամանքն արդեն իսկ հուշում էր, որ նա այլևս այդ պաշտոնում չպետք է լինի։ Պատերազմը սկսվեց կիրակի առավոտյան։ Կիրակի երեկոյան մեր դիվանագետները պետք է արդեն լինեին Աբու Դաբիում և Ռիադում, որովհետև Թուրքիայի ամենամեծ թշնամիները, որոնք իրականում պատրաստ են քայլեր ձեռնարկել, Արևմուտքում չեն։ Դրանք Արաբական Միացյալ էմիրություններն ու Սաուդյան Արաբիան են։ Սաուդցիներին դիմում ես գումարի համար, նրանք կա՛մ քեզ տալիս են այդ գումարը, կա՛մ ոչ։ Ապա դիմում ես Էմիրություններին, որը համարվում է փոքրիկ Սպարտա, և որը պատերազմը սկսվելուց գրեթե մեկ ամիս առաջ ռմբակոծել էր Լիբիայում թուրքական օդային բազան։ Ակնհայտորեն, նրանք պատրաստ են քայլեր ձեռնարկել, և նրանց ոչինչ չէր կանգնեցնի, եթե իմանային, որ պատժում են թուրքերին՝ մեզ օգնելով։ 

Արդյոք դա աշխատո՞ղ տարբերակ էր, ոչ ոք այլևս չի կարող ասել։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ, քանի որ նման ջանքեր նախկինում ձախողվել են, բայց արդյոք դա գիտակցել է և այդ ուղղությամբ մտածել։ Երբ նա այդ ուղղությամբ քայլեր չկատարեց, ես հասկացա, որ Հայաստանի նման երկիրը չի կարող իրեն թույլ տալ արտաքին քաղաքականության ոլորտում երևակայությունից զուրկ մեկին ունենալ արտգործնախարարի պաշտոնում։

Իսկ թե ով կարող է վերջինիս փոխարինել, մենք սահմանափակ քանակությամբ փորձառու մասնագետներ ունենք։  Հատկապես, եթե հաշվի առնենք սպասվող բանակցությունների մակարդակը, ինձ համար տեսականորեն միակ տարբերակները կլինեին հետևյալ անձինք՝ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի նման մեկը, որն այժմ Դանիայում մեր դեսպանն է, կամ վարդան Օսկանյանը, որը մեր անկախության շրջանի լավագույն արտգործնախարարն է եղել։ Եվ ընդհուպ մինչև երեկ նաև մեր նախագահը՝ հաշվի առնելով նրա կապերը, բայց հետևելով վերջին քսանչորս ժամվա զարգացումներին, կարծում եմ՝ դա այլևս տարբերակ չէ։ 

Ուստի, չունենք նոր տաղանդ, սակայն ունենք մեծերի սերնդից բավականին բանիմաց մարդկանց, որոնք կարող են դրական առումով բավական օգտակար լինել։ Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանի արտգործնախարարը գրեթե խեղկատակ է, որովհետև դիվանագիտական փորձ չունի, և եթե բանակցություններ են տեղի ունենալու, իմ նշած երեք անհատներից ցանկացածը կարող է նրան հեշտությամբ գերազանցել։

Ես կցանկանայի հարցնել նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձի մասին, որտեղ նա կոչ արեց արտահերթ ընտրություններ անցկացնել և, ինչպես ոմանք են պնդում, վարչապետի հրաժարականի մասին ակնարկեց։ Ի՞նչ կասեք այս մասին։

Բավականին անսովոր է, սակայն նախագահը թերևս ենթադրում է, որ վարչապետի դուրս մղմամբ ինքը կարող է վարչապետ դառնալ։ Դա դժվար չէ հասկանալ։ Նա, ըստ իս, կատարել է հաշվարկը․ եթե հիշում եք, պատերազմից անմիջապես առաջ հարցումների համաձայն Փաշինյանի վարկանիշը 60 տոկոսից մի քիչ ավելի էր, իսկ Արմեն Սարգսյանի վարկանիշը հինգ-վեց միավորով առաջ էր նրանից։ Եթե հիմա լինեն արտահերթ ընտրություններ, հաշվի առնելով հանգամանքը, որ նախագահ Սարգսյանը անհատապես չի կրում պատերազմի պատասխանատվությունը, և Փաշինյանի հեղինակությունը մեծապես տուժել է՝ ի տարբերություն Սարգսյանի հեղինակության, ապա ըստ Սարգսյանի հաշվարկի՝ ցանկացած տեսակի ընտրություններում, եթե ինքը դնի իր թեկնածությունը, ամենայն հավանականությամբ հաղթանակ կտանի կամ կունենա հաղթանակի մեծ հնարավորություն։ Ուստի կարծում եմ, որ սա իր համարձակ քայլն է՝ հասնելու վարչապետի պաշտոնին, որին ձգտում է։ 

Նախագահը առաջարկեց ազգային համաձայնության կառավարություն ձևավորել։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս սա կաշխատի։

Նա՛ պետք է բացատրի դա։ Ի՞նչ է նշանակում ազգային համաձայնության կառավարություն։ Գաղափարի հետ խնդիր չկա։ Եթե դա նշանակում է գտնել Հայաստանի և աշխարհի լավագույն ու ամենախելացի ներկայացուցիչներին, համախմբել նրանց ջանքերը՝ օգնելու Հայաստանին լուծում գտնել ստեղծված դժվարին իրավիճակում, ո՞վ կարող է դրան դեմ լինել։ Սակայն եթե Ազգային համաձայնության կառավարությունը ընդամենը հնարք է,- ես բնավ նկատի չունեմ, որ դա է նախագահի ծրագիրը, այլ ընդհանուր առմամբ եմ ասում,- որ եթե սա ուղղակի քաղաքական հնարք է՝ ետնադուռը բացելու և ետ բերելու բազմաթիվ  հեղինակազրկված անհատների, որոնք երկու տարի առաջվա ընտրություններում, չունենալով դրանք կեղծելու հնարավորություն, նույնիսկ չկարողացան խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ հինգ տոկոսի շեմը հաղթահարել, ապա դա լավ չէ։ 

Եթե նպատակը լավագույն ու խելացի ուղեղներին հավաքելն է, պետք է կողմ լինենք գաղափարին, սակայն եթե սա զուտ փորձ է՝ իսկապես հեղինակազրկված անձանց իշխանության հետ բերելու, մենք բոլորս պետք է դեմ լինենք դրան, և շատ հստակ արտահայտենք դա։ Կարծում եմ՝ կարևոր է, որ եթե նախագահը շեշտադրում է անում այդ գաղափարի վրա, ապա պետք է հստակ ցույց տա, թե ում հետ չի ցանկանում որևէ կերպ առնչություն ունենալ։ Անկեղծ ասած, նույնիսկ հին վարչակազմի շարքերում կան լավ մարդիկ, որոնք համակարգի մաս էին։ Նախագահը պետք է ասի՝ ով չի լինելու դրա մաս, եթե այս գաղափարը առաջ է տարվելու։

Արդյոք հնարավո՞ր է, որ արտահերթ ընտրությունները ավելի մեծ անկայունության հանգեցնեն։

Գրեթե վստահաբար՝ այո։ Սակայն ճիշտ բառը անկայությունը չէ, այլ որոշակիության պակասը։ Այժմ հազար բան կա անելու, և ըստ իս, հենց հիմա ընտրությունների անցկացումը դրանցից մեկը չէ, որովհետև այժմ պետք է կենտրոնանալ ամենահրատապ հարցերի վրա։ Սա չի նշանակում չփոխել կառավարությունը, կարելի է անցկացնել ընտրություն վեց ամիս կամ մեկ տարի անց, սակայն ոչ հիմա, որովհետև նման բևեռացված միջավայրում ես համոզված չեմ, որ մարդիկ կարող են ճիշտ ընտրություն կատարել, հաշվի առնելով թե որքան զգացմունքային է ամեն ինչ։ Եվ ավելի մեծ խառնաշփոթ կարող է առաջանալ կարճաժամկետ առումով։ 

Նաև հաշվի առնելով Փաշինյանի ունեցած խորհրդարանական մեծամասնությունը՝ նա կարող է շարունակել ղեկավարել, քանի որ մանդատ ունի։ Սակայն միգուցե և ոչ, քանի որ կգա պահ, որ իր իսկ կուսակցությունից կլինեն ավելի հավակնոտ անձինք, որոնք կցանկանան քայլ անել։ Չեմ կարծում, որ մեզ հիմա անհրաժեշտ են ընտրություններ, որովհետև առաջիկա երեք ամիսների ընթացքում որևէ քարոզարշավ ավելի մեծ տարաձայնությունների և բևեռացման կհանգեցնի, ինչը երկրին այս պահին բնավ պետք չէ։ Սակայն դա չի խանգարի, որ Փաշինյանի կուսակցության ներսում լինի նրան փոխարինողը, որովհետև նրանք մեծամասնություն ունեն և կարող են ասել՝ դե, կարող ես գնալ, մենք որևէ մեկին կընտրենք։ Նրանք կարող են ցանկացածին ընտրել, նույնիսկ իրենց կուսակցությունից դուրս մեկին, ազգային կոնսենսուսը վայելող մեկին։ 

Ինչ վերաբերում է ազգային կոնսենսուսին, ըստ իս, անչափ կարևոր է, որ այն լինի Ղարաբաղի շուրջ բանակցությունների համատեքստում։ Այստեղ չպետք է լինի միայն մեկ կուսակցություն։ Կարելի է դա առանձնացնել և ասել, որ այս ճակատում ազգային հարց է, և բոլորը պետք է իրենց ասելիքն ունենան, բոլորը պետք է գործընթացի մաս կազմեն։ Ուստի, բանակցություններում չպետք է ներգրավված լինի մեկ կուսակցություն, այլ պետք է լինի էկումենիկ  մոտեցում՝ հավաքել լավագույններին, որոնք կմասնակցեն բանակցություններին, որպեսզի ունենանք լավագույն արդյունքը։ Այդ կերպ, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի արդյունքը, բոլորը կլինեն դրա տերը և պատասխանատուն։ 

Ուստի, եթե կառավարությունը նպատակ ունի մնալ, ապա նրա կողմից խելացի քայլ կլինի, որ այս հարցում,- որում նա ամենաքիչ վստահությունն է վայելում ստորագրված փաստաթղթի պատճառով՝ չնայած այլընտրանք չունեին, բայց դա քննարկման այլ թեմա է,- ապաքաղաքականացնի բանակցությունները և դարձնի ազգային հարց՝ բոլոր մյուս ճակատներում շարունակելով քաղաքականությունը։ Այս բանակցությունները չափազանց կարևոր են և չեն կարող դրվել միայն մեկ կուսակցության պատասխանատվության տակ։

Հաշվի առնելով ներկայիս ընթացող քաղաքական գործընթացները՝ ինչի՞ն պետք է մարդիկ ավելի մեծ ուշադրություն դարձնեն։

Ինչպես նախկինում ասել եմ, մարդիկ չպետք է տարվեն անհատներով։ Անհատները կգան ու կգնան, կարևորը բարեփոխումների գործընթացի շարունակականությունն է, հակակոռուպցիոն գործընթացի շարունակումը։ Համար առաջին առաջադրանքն այստեղ, ներքին քաղաքական առումով, վստահ լինելն է, որ այս ճգնաժամը գործիք չդառնա հանրության վատթարագույն տարրերի ձեռքին, որոնք քսան տարի կառավարեցին երկիրը և մեզ դրեցին ներկայիս իրավիճակի մեջ։ Դա է ամենակարևորը։ Այլ արժանի մարդիկ կարող են գալ, այլ արժանի մարդիկ գնալ, նորմալ է։ Կարևորը անհատները չեն, այլ համակարգը։ Սակայն չենք կարող թույլ տալ, որ այս ճգնաժամից օգտվելով՝ վատագույն անձինք հետ գան իշխանության և շարունակեն անել այն ամենը, ինչը աղքատության եզրին հասցրեց երկիրը և մեզ նման իրավիճակի առջև կանգնեցրեց։

Անհատները կգան ու կգնան, կարևորը բարեփոխումների գործընթացի շարունակականությունն է

Մարդիկ պետք է հասկանան, որ ներքին քաղաքականության առումով սա է համար առաջին նպատակը։ Մնացած ամեն բան հետևում է դրան, և երբ այդ հարցը լուծվի, և վերադարձի ճանապարհ չլինի հեղինակազրկված անձանց վերադարձի համար, արդեն թող որ հաղթի լավագույնը, թող որ հաղթեն լավագույն փաստարկները։ 

Շատերն են սթրեսի մեջ ընթացիկ այս ճգնաժամից։ Ի՞նչ կասեք նրանց։ 

Մեծացե՛ք։ Այսպես է աշխատում ժողովրդավարությունը։ Դու ձախողում ես, պարտվում ես պատերազմում, մարդիկ քեզնից պահանջում են հեռանալ։ Փառք Աստծո, որևէ մեկը չի սպանվել։ Այսպես է աշխատում ժողովրդավարությունը, սրանում է մեր ուժը։ Սա մեր թուլությունը չէ։ Եթե Ալիևը պարտված լիներ, Բաքվի փողոցներում հիմա դիակներ կլինեին, որովհետև կա՛մ նա կսպաներ մարդկանց՝ շարունակելու պահպանել իր իշխանությունը, կա՛մ մարդիկ կփորձեին սպանել նրան։ Ուստի, մեր դեպքում սա հասունության նշան է։ Իհարկե, ոմանք ծեծի են ենթարկվում, ոմանք հարձակվում են խորհրդարանի վրա․․․ Այո, ցանկացած քաղաքական համակարգում առկա է խուլիգանական տարրը։ Սակայն, կրկնեմ, այսպես է աշխատում ժողովրդավարությունը։ Ինչպե՞ս կարող ես ճգնաժամ չունենալ, երբ պարտվում ես պատերազմում։ Կարևորն այն է, թե ինչպես ես լուծում այդ ճգնաժամը։ Քո արձագանքը այդ ճգնաժամին քո մասին շատ ավելի շատ է բացահայտում, քան փաստը, որ ճգնաժամի առաջ ես կանգնել։ 

Հիմա կարծես հեռուստասերիալ լինի՝ նախագահը վարչապետի դեմ դավեր է նյութում, սակայն հենց այդպես էլ աշխատում է քաղաքական համակարգը ժողովրդավարական պետության դեպքում։ Մենք պետք է հպարտանանք սրանով։ Անհարմա՞ր է։ Իհարկե, անհարմար է, ո՞վ չէր փոխի ներկայիս իրավիճակը վեց ամիս առաջվա իրավիճակի հետ։ Մենք առանց աչք թարթելու կընտրեինք կորոնավիրուսի ամենավատ օրերը ներկայիս իրավիճակի փոխարեն, սակայն պետք չէ հուսահատվել։ 

Այս միտումը առկա է հատկապես սփյուռքում, երբ կարծում են՝ Հայաստանը հանրային ակումբ է, ինչպիսիք կան Թեհրանում, Բըրբենքում, Բեյրութում։ Հայաստանը երկիր է։ Ի՞նչ է դա նշանակում՝ ունենք քաղաքական ճգնաժամ, և վատ մարդիկ կօգտագործեն առիթը՝ լավ մարդկանցից ազատվելու, և հակառակը։ Պետք է համոզված լինել, որ գործընթացները հարթ են, ոչ բռնի, ոչ ոքի չեն սպանում, չեն վնասում, հասնում ես կոնսենսուսի և առաջ շարժվում։ Մենք պետք է հպարտ լինենք այս ճգնաժամով, որովհետև եթե չունենայինք ճգնաժամ, կնշանակեր՝ չունենք առողջ ժողովրդավարություն։ 

Հարցազրույցն անգլերենից թարգմանել է Զառա Պողոսյանը