Առաջնահերթություն է երկրում կայունության ու ժողովրդավարության երաշխավորումը․ Նիկոլ Փաշինյան

Կարևոր առաջնահերթություն է երկրում կայունության ու ժողովրդավարության երաշխավորումը․ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։

Այսօր ավելի վաղ Փաշինյանը հրապարակել էր 15 կետից բաղկացած գործողությունների ճանապարհային քարտեզ։

«Ճանապարհային քարտեզում այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ։ Տեքստում գրված է, որ կարևոր առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունը, այսինքն՝ կայունությունն ու երաշխավորությունը, որ իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքին ոչինչ չի սպառնում։ Երկրորդը՝ պատերազմի հետևանքների վերացումն է, ու վեց ամիս հետո մենք կամփոփենք կատարված աշխատանքներն ու ըստ այդմ կորոշենք հետագա անելիքները»,- ասաց Փաշինյանը։

Բաբաջանյանը հետաքրքրվեց նաև կառավարության նոր կազմի, ազգային համաձայնության կառավարության և գործադիրի հնարավոր կառուցվածքի մասին։ Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց՝ կառավարության նոր կազմը ներկայում քննարկվում է. «Այս պահին կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում, այժմ կարևոր է ազգային համաձայնության մթնոլորտը, մեր խնդիրն է ձևավորել համաձայնության մթնոլորտ՝ կայունության ու անվտանգության հիման վրա»։

Մեկնաբանել