Փարիզի քաղաքային խորհուրդն Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել

Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ բանաձև։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պահանջող Ֆրանսիայի Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ներառյալ՝ տարբեր քաղաքական կուսակցություններին հարող մի խումբ խորհրդարանականների հանձնառու համախմբումը, ովքեր 2020թ. հոկտեմբերի 19-ին Ազգային ժողով «Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի» առաջարկ են ներկայացրել,

«Փարիզի քաղաքապետարանի Գործադիր մարմնի, «Միասնական Փարիզ», «Կոմունիստ և Քաղաքացի», «Փարիզի բնապահպաններ», «Սերունդներ», «Անկախներ և Առաջադիմականներ», «Փոխել Փարիզը», «Մոդեմ», «Ժողովրդավարներ և Բնապահպաններ» խմբակցությունների առաջարկով, Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում.

  • որպեսզի Փարիզի քաղաքապետը նամակով դիմի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին՝ կոչ անելով Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ),
  • որպեսզի Ֆրանսիայի կառավարությունը, վերացնելով Ֆրանսիայի ՏԻՄ-երի առջև դրված Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերություններ հաստատելու արգելքը, մարդասիրական օգնության համատեքստում նրանց արտոնի համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետ,
  • որպեսզի Փարիզի քաղաքային իշխանությունները տեղական օպերատորի միջոցով կարողանան շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հնարավորինս հասցեագրված օգնություն հատկացնելով հակամարտությունից տուժած բնակչությանը,
  • որպեսզի Փարիզի քաղաքային իշխանությունները 50,000 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և տեղահանվածներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում։ Այս օգնությունը, որը տրամադրվում է Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի միջոցով, գումարվում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ-AIMF) միջոցով Փարիզի գործընկեր և ՖՔՄԱ-ի անդամ մայրաքաղաք Երևանին նախապես տրամադրված 50,000 եվրոյի օժանդակությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել