Կամավորականների առաջնագիծ մեկնելը խնդիրներով է ընթացել․ Մովսես Հակոբյան

Պատերազմի 5-րդ օրը մոտ 1 500 մարդ՝ այդ թվում ոչ միայն կամավորականներ, փախել են առաջնագծից, սակայն հետագայում այդ մարդիկ իզոլացվել են, որպեսզի հետ չվերադառնան թիկունք ու խուճապ չտարածեն․ այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։ 

Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ 2018-ին Արտակ Դավթյանի նշանակումը ԳՇ պետի պաշտոնում «բանակի քանդման մեկնարկն» էր։

«Երբ իմացա՝ իմ փոխարեն ով է նշանակվել, ասել եմ, դուք ԶՈՒ ԳՇ պետ եք նշանակել ամենաանպատրաստ գեներալին։ Այդ օրվանից սկսվել է բանակի քանդման գործընթաց։ Դա դավաճանություն չէր, անգրագիտություն է, պատերազմի արվեստին չտիրապետել է։ Այսօր բոլորը, ովքեր կռվել են, տեսել են պրոբլեմները որտեղ են։ Ես գրավոր փստաթուղթ ունեմ, որտեղ հնչեցրել եմ պրոբլեմներն ու դրել իր [վարչապետի] սեղանին»,- հայտարարեց Հակոբյանը՝ հավելելով, որ Դավթյանի նշանակումից հետո հինգ գունդ կրճատվել է, կրճատվել են նաև վաշտերի կազմերը։ 

Այս պատերազմի ընթացքում կամավորականների առաջնագիծ մեկնելը, ըստ Հակոբյանի, խնդիրներով է ընթացել, քանի որ շատ դեպքերում կամավորականները առանց համապատասխան սպառազինության, առանց հանդերձանքի ու կապի համակարգի են եղել, առաջնագծի որոշ հատվածներում են տեղակայվել, շատ դեպքերում նրանց մի մասը կոտորվել է, մի մասը՝ փախել։ 

«1 500 մարդ ունեինք փախած, որոնք իզոլացվել են, որ չգան ու խուճապ չտարածեն։ Նրանց կերակրել են, մեր հարգարժան Սեյրան Օհանյանը, գնդապետ Բալասանյանը, գեներալ Ալեքսանյանը բացատրական աշխատանքներ են կատարել, որ մի մասին հետ վերադարձնենք բանակի շարքեր»,- հայտարարեց գեներալը։ 

Նրա խոսքով՝ պատերազմի երրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամայել է կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը, և այն զինվորականները, ովքեր կատարել են այդ հրամանը՝ հասկանալով հետևանքները, ունեն համապատասխան ձայնագրություններ։