Ռուսաստանն ընդլայնում է հումանիտար առաքելությունն Արցախում

Ռուսաստանն ընդլայնում է Արցախում տեղակայված իր հումանիտար աջակցության կենտրոնի հնարավորությունները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ խաղաղ կյանքը Ստեփանակերտում վերականգնվում է:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ցուցումով Լեռնային Ղարաբաղում հումանիտար բնույթի խնդիրների ամբողջ համալիրի լուծման համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում ձևավորվել են լրացուցիչ հինգ կենտրոններ:

Մասնավորախես, ստեղծվել են հումանիտար ականազերծման, հակամարտող կողմերի հաշտեցման (այդ թվում՝ հոգեբանական աշխատանքի բաժին, հեռուստա և ռադիոհեռարձակման կայաններ, «Խաղաղապահի լրաբեր» թերթի խմբագրություն), տրանսպորտային ապահովման, բժշկական ապահովման և առևտրա-կենցաղային ապահովման կենտրոններ։

Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմակերպչական կենտրոնը ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով արդեն հասցվել է Լեռնային Ղարաբաղ և նոյեմբերի 20-ից ձեռնամուխ կլինի առաջնահերթ միջոցառումների իրականացմանը, նշել են ռազմական գերատեսչությունում:

Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության խնդիրների կատարումը:

Հյուսիսային և հարավային պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահների կողմից իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում 23 դիտակետերում:

Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Ստեփանակերտում մեկնարկել է խաղաղ կյանքի վերականգնումը:

Քաղաքում շարունակվում է քաղաքացիական ենթակառուցվածքների սոցիալական օբյեկտների և բնակելի տների ճանապարհային երթևեկության, էլեկտրա և ջրամատակարարման կազմակերպման վերականգնումը: Խանութներն ու վարսահարդարման սրահները վերսկսել են աշխատանքը, աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, վերականգնվել է հաղորդակցությունը հեռավոր բնակավայրերի հետ:

Քաղաքային հացի գործարանը վերսկսել է հացաբուլկեղենի արտադրությունն ամբողջ հզորությամբ։ Այսօրվա դրությամբ Ստեփանակերտն ալյուրի և այլ պարենային ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրներ չունի։ Կազմակերպվել է հացի առաքում մոտակա բնակավայրեր։

․․․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 12-ին հրամանագիր էր ստորագրել Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղ իրադրության պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 13-ին, ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին։

Կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինծառայողների, 90 զրահամեքենաների, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայի քանակով:

Մեկնաբանել