Լևոն Զուրաբյան․ Փաշինյանը խուսափեց պատասխանատվությունից, տուրք տվեց ոչմիթիզականներին 

Պատերազմում կրած պարտության և ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է․ այս մասին հայտարարել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ «Ազատության» հետ զրույցում։

«Նիկոլ Փաշինյանը անկուշտ և հիվանդագին փառասիրություն ունի, բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարհաքաղաքականության և ռազմական հարցերում»,- ասել է նա։

Անդրադառնալով հարցին, թե պատերազմական օրերին կուակցությունների ներկայացուցիչների հետ ինչ է քննարկվել, Զուրաբյանն ասել է․ «Ներկայացվել է պատկեր, որ ունենք ահավոր զոհեր, Բայրաքթարների գործողությանը ըստ էության պատասխան չունենք ու հիմնականում այդ զենքից են մեր զոհերը, որ մեր դեմ վարվում է անհավասար, բարձր տեխնոլոգիական պատերազմ, որին պատասխան չունենք»։ 

ՀԱԿ ներկայացուցչի խոսքով՝ նման աղետներ լինում են, եթե ղեկավարները չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում. «Կովկասը դարձել է գերտերությունների պայքարի շահերի թատերաբեմ, այն ի սկզբանե եղել է Ռուսաստանի ստրատեգիական ազդեցության գոտի, որը դեռ  90-ականներից փորձում էր վերականգնել իր ազդեցությունը ռեգիոնում։ Ղարաբաղի խնդիրը սառեցվել էր, որովհետև Ռուսաստանը մնում էր դրության տերը՝ վաճառելով զինամթերք կողմերին, պահելով բալանսը, բայց դա խախտվեց այն պահից, երբ ծնվեց Էրդողանի նոր Թուրքիան»։ Փաշինյանը, ըստ նրա, չէր հասկանում այս իրողությունները։ 

Զուրաբյանի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Լավրովի պլանը փայլուն պլան էր հայկական կողմի համար, նույնիսկ պատերազմի օրերին հնարավորություն է եղել իրականացնել այն, սակայն հայկական կողմը չի համաձայնել. «Մենք ունենալու էինք այն, ինչ ունենք  այսօր՝ ավելի նպաստավոր պայմաններով՝ պահպանելով Շուշին,Հադրութը, Լաչինը, Քելբաջարը, կարգավիճակը ապագայում պիտի լուծվեր»։ 

Խոսելով Տեր-Պետրոսյանի՝ պատերազմի օրերին Մոսկվա հնարավոր այցի մասին, Զուրաբյանը պարզաբանել է, որ այցի համար Տեր-Պետրոսյանը պիտի մանդատ ունենար, որը Փաշինյանը առաջին նախագահին չի տրամադրել։ 

Զուրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է նշանակում պետության ղեկավար․ «Փաշինյանը խուսափեց պատասխանատվությունից, տուրք տվեց ոչմիթիզականներն, դարձավ ոչմիթիզականների պարագլուխը»։

Պատերազմում պարտության գլխավոր մեղավորը, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն է, սակայն մեղավորների շարքում են նաև ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ 

Զուրաբյանը հիշեցրել է՝ երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում էր յոթ շրջանները Ադրբեջանին վերադարձնելու գնով պատերազմը կանգնեցնելու հնարավոր տարբերակը, ոչ մի պատգամավոր և խմբակցություն դրան կողմ հանդես չի եկել, այդ թվում՝ այսօր փողոցում ցույցեր կազմակերպող ԲՀԿ-ն։