Գազի գինն ԱՄՆ-ում ռեկորդային ցածր է

Գազի գների զգալի իջեցմանը նպաստել է թերթաքարային գազի արդյունահանման ոլորտի վերջին շրջանի բումը, ինչպես նաև ամերիկյան մեղմ ձմեռը, ինչը նվազեցրել է ածխաջրածինների պահանջարկը։ Այժմ գազի պահանջարկը կարող է զգալիորեն մեծանալ՝ ցածր գների շնորհիվ, ինչից կշահեն ինչպես արտադրողները, այնպես էլ սպառողները։

Ներկայում գազի շուկայում առաջարկի ծավալը 61%-ով գերազանցում է  վերջին 5 տարվա համապատասխան միջին ցուցանիշը։ Նավթագազային ընկերություններն ավելացնում են արտադրության ծավալները՝ շահագործելով թերթաքարային գազի նոր հանքավայրեր։ Միաժամանակ՝ առաջարկի ավելցուկը շահութաբերության ավելացման հետ կապված խնդիրներ է առաջացնում, քանի որ հանքավայրերի շահագործումն ի սկզբանե ավելի բարձր գներով էր հաշվարկված։

Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ում գազի գների անկումը չի անդրադարձել նավթի գների վրա։ WTI տեսակի նավթի գինն ապրիլի 11-ին բարձրացել է $2-ով՝ մինչև $103/բարել։