Ռուս ականազերծողները մեկնել են Արցախ

ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի ստորաբաժանումները մեկնել են Լեռնային Ղարաբաղ․ այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության անցկացման գոտում խնդիրների կատարման նպատակով ՌԴ oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից տեղափոխել են մասնագետներ, տեխնիկա և սպառազինություն»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Երևանի օդանավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ներառյալ «Ուրան-6» ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրները և զրահամեքենաները։

Ըստ հաղորդման՝ անձնակազմը և տեխնիկան կանցնեն Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով և ժամանելով նշանակման վայր՝ ձեռնամուխ կլինեն ինժեներական հետախուզման, ականազերծման և ԼՂ հակամարտության ընթացքում առավել տուժած շրջաններում պայթյունավտանգ օբյեկտների ոչնչացման խնդիրների կատարմանը։