Նոյեմբերյանցիները կօգնեն վերականգնել Մարտունիի էլեկտրամատակարարումը

Նոյեմբերի 23-ին Նոյեմբերյան համայնքի 12 մասնագետներ ուղևորվել են Արցախի Մարտունի քաղաք՝ վերականգնելու փողոցային լուսավորությունը, որը պատերազմի օրերին ամբողջովին վնասվել է:

Կարճ ժամանակում համայնքը քաղաքապետ Կարեն Աբազյանի ղեկավարությամբ որոշում է կայացրել օգնության ձեռք մեկնել Արցախի ավերված բնակավայրերից մեկին: Արցախի իշխանությունը անմիջապես արձագանքել են կոչին:

Լուսավորությունը վերականգնելու գումարը հանգանակել են Հայաստանում և արտերկրում բնակվող նոյեմբերյանցիները: 12 մասնագետները իրենց հետ Մարտունի են տանում անհրաժեշտ բոլոր սարքավորումները, որպեսզի վերականգնեն լուսավորությունը և վերադառնան տուն:

Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև արտերկրում բնակվող այն նոյեմբերյանցիները, որոնք ուզում են իրենց նվիրատվությունը բերել այս աստվածահաճո գործին, կարող են կապվել Նոյեմբերյանի համայնքապետարան:

Շուտով հասանելի կլինի նաև այն հաշվեհամարը, որի վրա հնարավոր կլինի կատարել նվիրատվությունները: Անհրաժեշտության դեպքում բոլոր նվիրատուների անունները՝ անկախ նվիրատվության չափից, կհրապարակվեն: