Աշխարհում 2030թ. երկու մլրդ մարդ կմնա առանց աշխատանքի

Ինչպիսի՞ն է լինելու ապագայի աշխարհը: Այն, ինչ այսօր տեսնում ենք ֆիլմերում, մասամբ իրականություն կդառնա: Հայտնի ֆուտուրոլոգ Թոմաս Ֆրեյը նկարագրել է աշխարհի ապագան ընդհուպ մինչև 2030թ.: Նրա կարծիքով` երկրագնդի աշխատատեղերի գրեթե կեսը կվերանա:

Մասնավորապես` մոտ 503 մասնագիտության պահանջարկ այլևս չի լինի, իսկ դա նշանակում է, որ մոտ երկու միլիարդ մարդ կմնա առանց աշխատանքի: Մարդկանց կփոխարինեն մեքենաները, այնպես որ Տերմինատորի դարը սարերի հետևում չէ: Փորձագետների պնդմամբ` ռոբոտներն այնքան կատարյալ կլինեն, որ ամբողջովին կփոխարինեն մարդուն միապաղաղ, ծանր և կեղտոտ աշխատանքում, իսկ ռոբոտ-ծառաները հասանելի կլինեն բոլորին:

Մինչև 2030թ. մասնավոր տների մեծամասնությունն ինքնուրույն կստեղծի անհրաժեշտ էներգետիկ պաշարները արևային մարտկոցների, հողմային գեներատորների և էկոլոգիապես մաքուր այլ աղբյուրների միջոցով:

Իսկ ահա ժամանակակից անարդյունավետ ու վտանգավոր  ավտոմեքենաները կփոխարինվեն ինքնակառավարվող վարձու մեքենաներով, ինչը զգալիորեն կկրճատի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Սթենֆորդի համալսարանի գիտնականներն արդեն մշակել են մի նախագիծ, որի շնորհիվ էներգամեքենաները կլիցքավորվեն հենց ճանապարհից:

Ապագայում կփոխվի նաև կրթական համակարգը. դպրոցներն ու համալսարանները կավտոմատացվեն,  ուսանողներն ու դպրոցականները հնարավորություն կունենան տանը նստած հարցեր տալու անդրոիդներին օն-լայն ռեժիմում: