Ինչպիսի՞ն է լինելու ապագայի աշխարհը: Այն, ինչ այսօր տեսնում ենք ֆիլմերում, մասամբ իրականություն կդառնա: Հայտնի ֆուտուրոլոգ Թոմաս Ֆրեյը նկարագրել է աշխարհի ապագան ընդհուպ մինչև 2030թ.: Նրա կարծիքով` երկրագնդի աշխատատեղերի գրեթե կեսը կվերանա:
Մասնավորապես` մոտ 503 մասնագիտության պահանջարկ այլևս չի լինի, իսկ դա նշանակում է, որ մոտ երկու միլիարդ մարդ կմնա առանց աշխատանքի: Մարդկանց կփոխարինեն մեքենաները, այնպես որ Տերմինատորի դարը սարերի հետևում չէ: Փորձագետների պնդմամբ` ռոբոտներն այնքան կատարյալ կլինեն, որ ամբողջովին կփոխարինեն մարդուն միապաղաղ, ծանր և կեղտոտ աշխատանքում, իսկ ռոբոտ-ծառաները հասանելի կլինեն բոլորին:
Մինչև 2030թ. մասնավոր տների մեծամասնությունն ինքնուրույն կստեղծի անհրաժեշտ էներգետիկ պաշարները արևային մարտկոցների, հողմային գեներատորների և էկոլոգիապես մաքուր այլ աղբյուրների միջոցով:
Իսկ ահա ժամանակակից անարդյունավետ ու վտանգավոր ավտոմեքենաները կփոխարինվեն ինքնակառավարվող վարձու մեքենաներով, ինչը զգալիորեն կկրճատի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Սթենֆորդի համալսարանի գիտնականներն արդեն մշակել են մի նախագիծ, որի շնորհիվ էներգամեքենաները կլիցքավորվեն հենց ճանապարհից:
Ապագայում կփոխվի նաև կրթական համակարգը. դպրոցներն ու համալսարանները կավտոմատացվեն, ուսանողներն ու դպրոցականները հնարավորություն կունենան տանը նստած հարցեր տալու անդրոիդներին օն-լայն ռեժիմում: