Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման գործընթացները․ Արցախի ՊՆ

Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- ասված է հայտարարության մեջ:

Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է  նաև մամուլում տեղ գտած որոշ տեղեկությունների:

«Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լուրերին»,- հայտնել են շտաբից։