Ամարասը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է

Ռուսական «Կոմերսանտ» թերթի թղթակից Ալեքսանդր Չեռնիխը Արցախում Ստեփանակերտից տեղի տաքսիստներից մեկի հետ այցելել է Ամարասի վանք։

Հրապարակված հոդվածում նա գրում է պատերազմից հետո Ղարաբաղում հաստատված նոր սահմանների մասին և նշում, որ անգամ տեղացիներն այժմ չգիտեն, թե որ տարածքը ումն է։

Երեկ հրապարակվեց 121 բնակավայրերի անուն, որոնք անցնում են Ադրբեջանին։ Խնդիրը բարդանում է նրանով, որ խառնաշփոթ կա Լեռնային Ղարաբաղի հաստատած և Խորհրդային Ադրբեջանում գոյություն ունեցած վարչական սահմանները զանազանելու հարցում։

Չեռնիխը գրում է, որ անգամ Ստեփանակերտում չգիտեն՝ Ամարասը հայերի ձեռքում է, թե ոչ։

Նա նշում է, որ Ամարասը հինգերորդ դարի վանք է և մեծ կարևորություն ունի հայերի համար, իսկ ադրբեջանցիներն իրենց հերթին դա անվանում են «ալբանական մշակույթի հուշարձան»․ այս վերջին արտահայտությունը «Կոմերսանտի» թղթակիցը նշում է չակերտների մեջ։

Ի վերջո, «Կոմերսանտի» թղթակիցը ստեփանակերտցի Արսեն անունով տաքսիստի հետ Ննգիի ներքին ճանապարհով հասնում է Ամարաս և տեսնում, որ վանքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է, պարիսպների վրա բարձրացված է Ռուսաստանի դրոշը։

Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի հայկական միջնադարյան վանական համալիրը ևս, որը դուրս է եղել ԼՂԻՄ սահմաններից, ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է։

Մեկնաբանել