Կարմիր խաչն ընդլայնում է ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, քառապատկում բյուջեն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կընդլայնի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում․ այս մասին հայտարարել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը։ Նա հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ կուղարկվի հավելյալ 400-500 հոգի։ ԿԽՄԿ նախագահը շեշտել է՝ ղարաբաղյան հակամարտության գոտում անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ սկսել մարմինների որոնման և նույնականացման գործընթացը, հակառակ դեպքում հնարավոր են բացասական հետևանքներ։

Ռուսաստանյան RBC գործակալությանը տված հարցազրույցում Մաուրերն ասել է, որ որոշում է կայացվել նաև ղարաբաղյան հակամարտության գոտում առաքելությանը հատկացվող բյուջեի ավելացման վերաբերյալ։

«Եթե մինչև պատերազմը տարածաշրջանում մեր առաքելությանը հատկացվող բյուջեն 10 մլն շվեյցարական ֆրանկ էր կազմում (մոտ 11 մլն դոլար), ապա հաջորդ տարի այն կկազմի 45 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ 49,4 մլն դոլար)։ Այսինքն, մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը։ Մենք բավական փոքր անձնակազմ ունեինք այնտեղ։ Այժմ ծրագրում ենք տարածաշրջան ուղղել հավելյալ 400-500 հոգի»,- ասել է Մաուրերը։

Նա նշել է, որ ԿԽՄԿ առաքելության աշխատակիցների խնդիրն է լինելու օգնել տուժածներին, հրատապ հարցերից մեկն էլ զոհվածների մարմինների որոնումն է և նույնականացումը։ ԿԽՄԿ նախագահի խոսքով՝ կողմերից յուրաքանչյուրը մարմինները գտնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

«Բարդ է աշխատանքը բուն շփման գծում, որտեղ ընթացել են մարտերը, այնտեղ ականներ են, և մարմինների որոնումը շատ բարդ է ընթանում»,- ասել է Մաուրերը։ Նրա հավաստմամբ՝ ԿԽՄԿ-ն ունի մշակված արձանագրություններ և փորձ «այդ աշխատանքը արժանապատվորեն անցկացնելու, մարմինները նույնականացնելու և հարազատների փոխանցելու համար»։

ԿԽՄԿ նախագահը նկատել է, որ աշխատանքների ձգձգման դեպքում «հնարավոր են տհաճ հետևանքներ»։

«Կարող է սկսվել հողի վարակում։ Կարող են լինել նույնականացման բարդություններ, եթե մարմինները չգտնվեն մինչև ձմեռվա սկիզբ, քանի որ ձմեռվա ընթացքում հնարավոր է դիերի քայքայում։ Եվ մենք գիտենք մեր նախկին փորձից, որ եթե չգործենք արագ, կբարդացնենք անհայտ կորածների հարցով քննարկումները»,- ասել է Մաուրերը։

Նոյեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց պատերազմի արդյունքում մի քանի հարյուր անհայտ կորածների մասին։

Հոկտեմբերի 21-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղին սպառնում է մարդասիրական և բնապահպանական աղետ՝ մարտերում զոհվածների մարմիններով պայմանավորված։

Մեկնաբանել