Խաղաղությունը պետք է լինի վերջնանպատակը՝ անկախ նրանից, թե որքան սարսափելի է իրավիճակը հիմա 

Քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանը ՍիվիլՆեթի Էմիլիո Կրիկիոյի հետ զրույցում խոսում է այն մասին,  թե ինչ ուղղությամբ պետք է Հայաստանը վարի  իր արտաքին քաղաքականությունը։

Ի՞նչ ուղով պետք է Հայաստանը շարժվի իր արտաքին քաղաքականությունում։ Դուք նշում եք «ժողովրդավարական եվրասիականիզմ» եզրույթը։ Կբացատրե՞ք՝ ինչ է դա։

Ես կխոսեմ ընդհանուր վերաբերմունքի ու մտածելակերպի մասին՝ թե՛ որոշումներ կայացնող, ինտելեկտուալ խավերի մոտ և թե՛ հասարակ ժողովրդի շրջանում։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի ասել, որ հայկական քաղաքական վերնախավը հեռանում է Արևմուտքից, բայց դեմ չէ Արևմուտքին։ Ի՞նչ է դա նշանակում։ Մարդիկ ցանկանում են բոլոր լավ բաները, որ Արևմուտքը կարող է առաջարկել՝ ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն, սակայն իրենց համար ապագա չեն տեսնում Եվրոպայի ու Արևմուտքի համատեքստում։ 

Եթե փորձենք ստեղծել այս գաղափարախոսությունը բնութագրող եզրույթ, ես այն կանվանեի «ժողովրդավարական եվրասիականիզմ», որի հիմքում հետևյալն է՝ հաշվի առնելով, թե մարդիկ որքան լքված ու դավաճանված են զգում Արևմուտքի կողմից, նրանք Հայաստանի ապագան տեսնում են հյուսիսում, հարավում և արևելքում։ Մասնավորապես՝ ավելի սերտ կապեր Ռուսաստանի հետ; ուղիներ դեպի հարավ՝ Իրանի հետ՝ անտեսելով, թե ինչ կասի Արևմուտքը, թե որոնք կլինեն նրա սահմանափակումները, և դեպի Արևելք՝ Չինաստան ու Հնդկաստան, որը գործնականում կարող է դառնալ և արդեն իսկ աշխարհի տնտեսական հանգույցն է։ Կարծում եմ՝ ամուր կանգնել աշխարհագրական այն դիրքում, որտեղ ե՛ս, այսինքն՝ կիսով չափ Ասիա և կիսով չափ Եվրոպա՝ միայն եվրոպական ուղղությամբ նայելու փոխարեն։

Մյուս բանը, որ կարծում եմ մարդիկ չեն նկատում՝ Հայաստանի ժողովրդավարական փոխակերպումը ոչ թե շնորհիվ ԵՄ-ի պահաջի կամ որևէ եվրոպական երկրի կողմից տրված մանդատի էր, այլ նրա, որ ժողովրդավարական շարժումը խորապես արմատավորված էր մեր մշակույթի և ավանդույթների մեջ։ 

Հայերը շատ անհատակենտրոն են, և հայկական մշակույթում կա նաև անարխիկ հավաքականության տարրը, երբ  ամեն մեկն ունի իր կարծիքը, և մենք բավական հակաավտորիտար և հակատոտալիտար ենք։

Նույնիսկ խորհրդային ժամանակներում մարդիկ այստեղ ավելի շատ ազատություն ունեին, քան այլ վայրերում, քանի որ կային բաներ, որ հայերը ընդունում էին, և բաներ, որ չէին ընդունում։ Հայաստանում, օրինակ, երբեք Աթաթուրքի կամ Կիմ Չեն Ունի նման պաշտամունքային կերպար չենք ունենա, որովհետև մարդիկ պարզապես կծիծաղեն, եթե փորձես, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանին կամ ցանկացած ուրիշի դարձնես պաշտամունքային կերպար։ Ամբողջ երկրով մեկ մինչ այս եղած չորս-հինգ առաջնորդներից և ոչ մեկի արձանը չկա, նրանց անվան օդանավակայան չկա։ 

Ուստի, մեր ժողովրդավարական շարժումը շատ քիչ կապ ուներ Արևմուտքի հետ, և ավելի շուտ գալիս էր մեր ներքին մշակույթից։

Բայց պետք է հասկանանք՝ աշխարհի որ մասում ենք գտնվում, և կողմնորոշվենք ըստ այդմ՝ դիտարկելով առևտրային ուղիները դեպի հարավ և քաղաքական հարաբերությունների ուղին դեպի հյուսիս, ավելի լավ գիտակցենք, որ մենք պետք է ամուր լինենք մեր տարածաշրջանում՝ հատկապես զարգացնելով հարաբերությունները մեր թշնամիների թշնամիների հետ, որոնք բավական շատ են մեր տարածաշրջանում, և ունենանք շատ ավելի ամուր հարաբերություններ այդ երկրների հետ։ 

Ի՞նչ դասեր կարող է Հայաստանը սերտել այս պատերազմի ընթացքում Արևմուտքի վարքագծից։

Հազարավոր հայ զոհերը նրանց համար առանձնապես կարևոր չեն։ Առաջինը սա է, որ գալիս է։ Սովորեցինք, որ միայն մենք ենք պատասխանատու մեզ համար, չենք կարող հույսներս դնել այլոց վրա, և դրա վրա պետք է կենտրոնանալ։ Սովորեցինք, որ Արևմուտքը վստահելի գործընկեր չէ, երբ գալիս է պահը։ Իհարկե, սա ասելով՝ նկատի չունեմ, որ մարդիկ չեն ուզում առևտրային և ավելի լավ հարաբերություններ Արևմուտքի հետ, բայց մարդիկ տեսնում են մեր հանդեպ անտարբերությունը։ 

Սակայն կարևորն այն է, որ այդ անտարբերությանը չարձագանքենք զայրույթով։ Իրականում պետք է շնորհակալություն հայտնենք, քանի որ այդ քայլով նրանք մեզ ցույց տվեցին, թե աշխարհում որն է մեր տեղը, որ մեր կյանքերը մեզնից բացի ոչ ոքի չեն հուզում։ Եվ, ամենակարևորը, տեսանք նրանց անտարբերությունը, թե որքան աննշան կարևորություն ունենք նրանց համար։ Մինչև մենք ինքներս մեզ չզորացնենք և համարձակ ու առանց աչք թարթելու չնայենք մեզ նայող անդունդին, չենք կարողանա հաղթահարել մեր խնդիրները կամ մեր կամքը թելադրել մեր հակառակորդներին։

Սա իսկապես շատ դառը դաս էր մեզ համար, սակայն մենք պետք է սերտենք այն և պետք է հասկանանք, որ նրանք մեր նկատմամբ անտարբեր են, որովհետև կարո՛ղ են անտարբեր լինել մեր նկատմամբ։ Մենք ենք միակը, որ կարող ենք դա փոխել։ Եթե չդառնանք ավելի զարգացած և հզոր երկիր, շարունակելու ենք նույն վերաբերմունքին արժանանալ։ 

Ի՞նչ եք կարծում՝ Արևմուտքը կորցնո՞ւմ է Հայաստանը կամ արդեն կորցրե՞լ է, և ի՞նչ կարելի է անել դա փոխելու համար։

Կարճ պատասխանն է՝ այո։ Սա փոխելու միայն մեկ բան եմ տեսնում կարճաժամկետ հեռանկարում, ինչը լիովին իրականանալի է։ Դա Արևմուտքի ուժեղ ներգրավվածությունն ու և Ղարաբաղյան խնդրի արդար կարգավորումն է։ Իսկ ո՞րն է խնդրի արդար կարգավորումը հայկական կողմի համար։ Դա ներառում է երեք բան.

ա) Արցախում բնակվող մարդկանց ֆիզիկական անվտանգությունը,

բ) Ցանկացած քաղաքական սցենար, որը չի ներառում հայերի՝ ադրբեջանական իշխանության տակ ապրելը,

գ) Անջատում հանուն փրկության կամ մի բան, որը հստակ հաստատում է տարբերության կամ անկախության մի մակարդակ Արցախի համար։ Եվ մենք պետք է շատ հստակ լինենք գործածվող լեզվի հարցում։ Մեզ չի հետաքրքրում զուտ կարգավիճակ ունենալը, ինչպես ընկերս է ասում։ Պաղեստինցիներն ունեն կարգավիճակ, դա ոչինչ չի նշանակում։ Պետք է ունենաս կոնկրետ իրավունքներ՝ ամրագրված համաձայնագրի մեջ, որոնք կլինեն կիրարկելի։

Ուստի, եթե Արևմուտքը կարողանա այս երեք գործոնները ներառող արդար լուծման բերել, կարծում եմ նրանից հեռացումը կարող է կասեցվել։ Իսկ դրա պակասի դեպքում մարդիկ կգան այն եզրահանգման, ինչ արդեն ասացի, և այս երկիրը կշարժվի այլ ուղղությամբ։ Ի դեպ, որոշ մարդիկ նայում են և ասում՝ ո՞ւմ է հետաքրքրում, թե որ ուղղությամբ կգնա Հայաստանը։ Նախևառաջ, այսօրվա Հայաստանը տանհինգ-քսան տարի առաջվա Հայաստանը չէ, և սա շատերն են անտեսում, որովհետև փոխվում են ժամանակները, փոխվում են երկրները, և դրանց կարևորությունը։ Աշխարհի այս մասում մեկ որոշում է պետք կայացնել՝ հյուսիս-հարավ, թե արևելք – արևմուտք առանցքի վրա ես։  

Հինգ-տասը տարի անց, երբ վրացիները հասկական, որ երբեք չեն լինելու ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ, և լինի Արևմուտքից հեռացած Հայաստան, բավական ճնշում կլինի նրանց վրա՝ նույնն անելու, և երբ դա տեղի ունենա, աշխարհի այս մասը կհեռանա Արևմուտքից և կշարժվի դեպի Արևելք։ Չնայած կարծում եմ, որ վրացիները կպահպանեն իրենց ժողովրդավարական համակարգը՝ ելնելով այն պատճառներից, որոնք թվարկեցի Հայաստանի դեպքում ևս։ 

Այսպիսով, կարող ես լինել աշխարհի յուրօրինակ այս մասում, որը Եվրոպայում է, բայց դրա մասը չէ։ Մարդկանց, որ ասում են՝ ինչ կապ ունի, թե ինչ կանի Հայաստանը․․․ այդ հիմա է, որ աշխարհին միևնույնն է՝ ինչ կանի Հայաստանը, սակայն քսան տարի անց կարող է լիովին այլ պատկեր լինել։

Ի՞նչ ուղղությամբ եք տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը առաջիկա տասը-տասնհինգ տարիներին։ Կա՞ն ռեգիոններ, որտեղ Հայաստանը նախկինում այդքան էլ ակտիվ չէր, բայց պետք է ներգրավվի, օրինակ՝ արաբական աշխարհը, Իսրայելը։ 

Այստեղ երկու փոփոխական կա։ Եթե Ղարաբաղի հարցի արդար լուծում լինի առաջիկա վեց ամիսներից մինչև մեկ տարվա ընթացքում՝ իմ ընդգծած չափորոշիչների ապահովմամբ, – ինչը դժվար կլինի,- սակայն եթե գերտերությունները ցանկանան դա անել, նրանք կարող են։ Նախկինում նման բան արվել է, և եթե Ռուսաստանն ու Արևմուտքը նույն էջի վրա են, կարող են Ալիևին ստիպել ստորագրել մի բան, որը նրա սրտով չէ, քանի որ նրանք ունեն այդ լծակը։ Հարցն այն է՝ արդյոք նրանք կօգտագործեն այդ լծակը։ 

Գլոբալ համատեքստում այս տարածաշրջանի երկրները մանր ձկներ են, ուստի աշխարհին հակադրվելու շատ հնարավորություն չկա։ Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանն ու այս տարածաշրջանը կարող են զարգանալ շատ գործառնական ձևով։ Ի վերջո, այս երկրները համակեցության մի ձև կգտնեն, որովհետև նրանք պետք է դա գտնեն։ Ոչ ոք ոչ մի տեղ չի գնալու, բոլորս այս տարածաշրջանում ենք, կարող ես մարդկանց ատել կամ սիրել։ Իրար նկատմամբ մարդիկ սարսափելի բաներ են արել, սակայն ժամանակը անցնում է, և ի վերջո պետք է խաղաղություն լինի։ Դա է վերջնանպատակը, դա պետք է լինի վերջնանպատակը՝ անկախ նրանից, թե որքան սարսափելի է իրավիճակը։ 

Սակայն կարող եմ ասել, որ եթե այս հարցը մնա չլուծված, և Հայաստանը շարժվի իմ ասած եվրասիական ուղղությամբ, ինչը կարծում եմ հաջողությամբ կարող ենք անել ժամանակի ընթացքում, Հայաստանը շատ ռազմատենչ երկիր կդառնա, հատկապես երբ վերակազմակերպի իր ռազմական ոլորտը և ավելի հզորանա այն ժամանակի ընթացքում, երբ Ադրբեջանը ավելի աղքատանա աշխարհում ածխաջրածինների դերի նվազմանը զուգահեռ։ Կա՛մ կարգավորում ես այս իրադրությունը, կա՛մ ունենում ես ավելի ֆունկցիոնալ երկիր, որն ըստ ամենայնի կլինի հարուստ ու զարգացած ինչպես Իսրայելը, սակայն հարևանների հետ հարաբերություններում՝ ինչպես Շվեդիան։ 

Անկախ մեր ունեցած բոլոր խնդիրներից՝ Ադրբեջանը առաջիկա տասնհինգ-քսան տարվա ընթացքում առերեսվելու է ավելի լուրջ խնդիրների, քան Հայաստանը․ նա պետք է անի մի բան, որ մինչ այդ որևէ երկրի չի հաջողվել՝ ոչ մի բան անելով գումար աշխատելուց անցում կատարել և տնտեսական հաջողության հասնել, քանի որ Ադրբեջանը հանածոների վրա հիմնված տնտեսություն է։ Արդյունքը ավելի շուտ Վենեսուելա է, քան Ավստրիա։ 

Այս հարցերը լուծելու ժամանակը հիմա է։ Եթե աշխարհը չլուծի այս հարցերը, կարող եմ ասել, որ այս հարցերը չեն լուծվի տարածաշրջանի երկրների կողմից։ Այստեղ չափից շատ թշնամանք կա։ 

Հարցազրույցը անգլերենից թարգմանել է Զառա Պողոսյանը