ԱԺ խորհուրդը որոշեց դիմել ՍԴ՝ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով

Ազգային ժողովի խորհուրդը նոյեմբերի 24-ին որոշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանդրական դատարան։ Մինչ այդ գումարվել էր խորհրդի նիստ այդ միակ օրակարգային հարցով։

Խորհրդի նիստից դուրս գալով՝ ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարեցին, որ քաղաքական որոշում է կայացվել։ Նրանք նշեցին, որ խորհուրդը դիտարկել է Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանգամանքը։ Պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց, որ վերցրել են մի դրվագ, երբ Ծառուկյանը մասնակցել է ընկերություններից մեկի ղեկավար կազմի ժողովին։ Սա, ըստ պատգամավորի, հիմք է հանդիսացել, որ խորհուրդը դիմի ՍԴ։ Նա նաև հավելեց, որ այդ ժողովին Ծառուկյանը մասնակցել է, քանի որ կալանավորված էր իր ընկերությունների կառավարիչ Սեդրակ Առուստամյանը։ Վերջինս «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենն է ու անցնում է մի քանի քրեական գործերով, այդ թվում՝ կաշառքի և փողերի լվացման։

«Ծառուկյանը մասնակցել է այդ ժողովին, և բացահայտված չէ, թե որպես ինչ է մասնակցել։ Դա տեղի է ունեցել Առուստամյանի կալանավորման ժամանակ, մարդը մասնակցել է իր գույքի վերաբերյալ ժողովին։ Մենք փորձեցինք հասկանալ, թե որն է ձեռնարկատիրությամբ զբաղվելը, մեզ ոչ մեկը չպարզաբանեց»,- ասաց Միքայել Մելքումյանը։

«Իշխանությունը գտնվում է ցնցումների մեջ, չգիտի՝ ինչ օրակարգ մոգոնի, որ շեղի հանրությանը»,- հավելեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

ԱԺ խորհուրդը փաստորեն դիմում է ՍԴ՝ հարցը լուծելու նպատակով։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ դատարանը որոշումը պետք է ընդունի ոչ ուշ, քան դրա մուտքագրման օրվանից 30 օր հետո:

Այն պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող, ապացուցման բեռը կրում է դիմող կողմը, տվյալ դեպքում՝ ԱԺ-ն։ Գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել