Արա Այվազյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակն Արցախում

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհավորել է գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

«Երկուստեք կարևորվեց հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ամերիկյան կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը:

Նախարար Այվազյանը և պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը հակամարտությունից տուժած անձանց շահերի լիարժեք հասցեագրման գործում»,- ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել