Փաշինյանն ասել է՝ ինչ է մտածում արտահերթ ընտրությունների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ գործակալությանը։ Ի շարս տարբեր խնդիրների՝ նա անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հնարավորությանը։ Հարցազրույցի այդ հատվածը թարգմանաբար՝ ստորև։

– Ձեր ստորագրած եռակողմ հայտարարությունից [Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ] հետո Հայաստանում բուռն բողոքներ են և նույնիսկ Ձեր հրաժարականի կոչեր են հնչում։ Հաղորդվում էր, որ Դուք անգամ ժամանակավորապես լքել էիք երկիրը։ Այդպե՞ս է արդյոք։ Ինչպե՞ս եք գնահատում հանրապետությունում առկա ներքաղաքական իրավիճակը և արդյոք այն չի՞ սպառնում, որ կձախողվեն ձեռք բերված պայմանավորվածությունները:

– Գիտեք, մենք ունենք ներքաղաքական լարվածություն, բայց ճշմարտությունն այն է, որ այն կոչերը, որոնք հնչում են ընդդիմության կողմից, լայն հնչեղություն չեն ստացել հայ հասարակության մեջ։ Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ։ Փաստն այն է, որ այն կոչերը, որոնք հնչում են ընդդիմության կողմից, աջակցություն չեն ստանում հայ հասարակության կողմից։ Դա պետք է արձանագրել։

– Ժողովրդի կամարտահայտության հետ կապված ՝ ամենաժողովրդավարական ձևը ընտրություններն են։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների կոչեր են հնչում։ Ինչպես եք նայում դրան, ինչպես եք գնահատում այդ հնարավորությունը։

– Այժմ Հայաստանի Հանրապետության կառավարության և բոլոր քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետության լիակատար կայունության և անվտանգության վերականգնումը: Ես նկատի ունեմ ոչ միայն ներքին անվտանգությունը, այլև արտաքին։

Ես վեց ամսվա կտրվածքով ճանապարհային քարտեզ եմ հրապարակել, և առաջիկա վեց ամիսների ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության իրավիճակը, տնտեսական կայունությունը։ Դրանից հետո մենք խորհրդակցելու ենք մեր հասարակության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների և հետագա քայլերի վերաբերյալ, թե ինչ պետք է անենք։

– Ինչպես Դուք ասացիք, բողոքի տրամադրությունները չի ստանում հասարակության զգալի մասի աջակցությունը…

– Դա չի նշանակում, որ բոլորը գոհ են այն իրավիճակից, որն այժմ ստեղծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից և այլն։ Բայց, անկեղծ ասած, ես ինքս էլ այնքան գոհ չեմ, մենք բոլորս դժգոհ ենք այն իրավիճակից, որը ստեղծվել է։ Բայց պետք է հասկանալ, թե ինչ այլընտրանքներ ունենք։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի իրավիճակը ոչ թե վատացնենք, այլ կայունացնենք, բարելավենք։ Եվ, ինչպես ասացի, նկատի ունեմ ոչ միայն ներքին, այլև արտաքին կայունությունն ու անվտանգությունը, նաև տնտեսական անվտանգությունն ու կայունությունը, և մենք պետք է կենտրոնանանք հենց այդ հարցերի վրա։ Դա չի նշանակում, որ կառավարությունը կարծում է, որ ամեն ինչ լավ է և ամեն ինչ կարգին է։ Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ պետք է նախ չսրել իրավիճակը, այն ավելի չվատթարացնել։

Այժմ մեր առջև շատ հարցեր են դրված Արխացի՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին իրենց տները վերադարձնելու մասին։ Պետք է սոցիալական որոշ երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների և այն մարդկանց համար, որոնք օթևան են կորցրել։ Պետք է կայունացնել Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը։

Ցավոք, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի համավարակը։ Այսինքն՝ մեր ընդհանուր նպատակը պետք է լինի իրավիճակի կայունացումը, և դրանից հետո մենք պետք է որոշում կայացնենք, թե ինչպես պետք է շարունակենք։