Բաքուն Փարիզի հայտարարությունները համարում է «միակողմանի և կանխակալ»

Ֆրանսիայի պաշտոնական շրջանակների վերջին հայտարարությունները «միակողմանի էին և կանխակալ»․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում։ Բայրամովի պնդմամբ՝ «անհնար է հավասարակշռություն պահպանել ագրեսորի և ագրեսիայի զոհի նկատմամբ»։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը «այնքան էլ անարդյունավետ չէ»։

Անդրադառնալով պատերազմի ժամանակ Ֆրանսիայի դիրքորոշմանը՝ Բայրամովն ասել է, որ «չեզոքությունը միջնորդ լինելու համար հիմնարար նախապայման է»։

«Ցավոք, Ֆրանսիայի պաշտոնական շրջանակների վերջին հայտարարությունները միակողմանի էին և կանխակալ։ Մենք հասկանում ենք, որ կարևոր գործոն է Ֆրանսիայում հայկական սփյուռքի առկայությունը, սակայն երկրի պաշտոնական դիրքորոշումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև պետական պատասխանատվությունից բխող սկզբունքների վրա, առավել ևս, երբ այդ երկիրն ունի միջնորդի մանդատ»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։

***

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից և հրադադարից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզն «ուսումնասիրում է Ղարաբաղում հրադադարի հայտարարության կետերը․ ցանկացած երկարաժամկետ համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը»։ Ֆրանսիայի ղեկավարությունը Թուրքիային կոչ էր արել դադարեցնել սադրանքները տարածաշրջանում և ձեռնպահ մնալ որևէ գործողություններից, որոնք վնաս կհասցնեն համաձայնագրին:

Մեկնաբանել