Հայաստանը 429 միլիոն դոլար աջակցություն է ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Հայաստանը 429 միլիոն դոլար աջակցություն է ստացել Արևմուտքի և այլ դոնոր կազմակերպություններից՝ կորոնավիրուսի դեմ պայքար կազմակերպելու համար։ Սեպտեմբերին Սիվիլնեթը հարցում էր ուղարկել կառավարություն՝ տեղեկանալու, թե անցյալ տարվա մարտից մինչ սեպտեմբեր Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համարորքան աջակցություն է ստացել, որ երկրներից և ինչ ծավալով։

Բյուջետային վարկ ԱՄՀ-ից

Անցյալ տարվա մայիսին Հայաստանի կառավարության համար հաստատվել է ավելի քան 248 միլիոն դոլարի եռամյա պահուստային ծրագիր, որն այս տարի փոփոխության է ենթարկվել։ Մասնավորապես, մարտ-ապրիլ ամիսներին կայացել է ծրագրի վերանայում ու լրացուցիչ միջոցներ են հասանելի դարձել. «Որպես օրինաչափություն պահուստային ծրագրերն ունեն կանխարգելիչ բնույթ և վարկային միջոցներն օգտագործվում են վճարային հաշվեկշռի կարգավորման նպատակով, մինչդեռ հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում կողմերը քննարկելով վարկային միջոցների ներգրավման ուղղությամբ նպատակահարմարության և անհրաժեշտության հարցը, համաձայնություն են ձեռք բերել պահուստային ծրագրի ներքո հասանելի միջոցները ներգրավել որպես բյուջետային աջակցության վարկ՝ նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով օգտագործելու համար»,- նշված է պատասխանում։

Ըստ այդմ՝ մայիսի 23-ին ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև կնքվել է 280 միլիոն դոլարի փոխառու միջոցների համաձայնագիր՝ ապահովելով ևս 35 միլիոն դոլար երրորդ վերանայման ընթացքում։

Միջազգային զարգացման ընկերակցության գումարների վերանայում

Միջազգային զարգացման ընկերակցությունը (ՄԶԸ) Համաշխարհային բանկի ներքո գործող կառույց է, որն օգնում է ամենաաղքատ երկրներին։ Ըստ կառավարության՝ 2013-ի մայիսին ՄԶԸ-ի հետ կնքվել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման համաձայնագիր, սակայն ծրագրի բաղադրիչների միջև կատարվել է փոփոխություն ու այս ծրագրով կառուցվելիք Մարտունու բժշկական կենտրոնի գումարները՝ 3 միլիոն դոլարի չափով, ուղղվել են կորոնավիրուսային հիվանդությանը հակազդելու բժշկական սարքավորումների ձեռքբերմանը (թոքերի արհեստական շնչառության սարքեր, տրանսպորտային միջոցներ, պաշտպանիչ միջոցներ)։ ՄԶԸ-ն մայիսին Հայաստանում համավարակի վատթարացման հետևանքով որոշում է կայացրել չեղարկել վարկերի համար տրամադրված տոկոսադրույքի բարձրացման որոշումը։ Ըստ կառավարության՝ արտաքին տոկոսավճարի գծով այս տնտեսումը եկող տարվա հուլիսին կկազմի 13 միլիոն դոլար, որը թույլ կտա այլ ծրագրի ֆինանսավորում իրականացնել։

98,5 միլիոն եվրո՝ ԵՄ-ից

Կառավարության տրված պատասխանների տվյալներով՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար ԵՄ-ն Հայաստանի կառավարությանն է տրամադրելու 98,5 միլիոն եվրո, որից 68,5 միլիոնը բյուջետային աջակցություն է, իսկ 27 միլիոն եվրոն եվրոպական կառույցների միջոցով ուղղվելու է փոքր ու միջին բիզնեսին, ևս 3 միլիոն ԵՄ-ն տրամադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ Հայաստանի համար բժշկական սարքավորումներ գնելու նպատակով։

Ասիական զարգացման բանկի ու Ճապոնիայի կառավարության աջակցությունը

Ներպետական ընթացակարգերով ներկայում անցնում են երկու համաձայնագրեր, դրանցից մեկով շարժական բժշկական կլինիկա ու լիաքարշ շտապ օգնության մեքենաներ ձեռք բերելու համար ՀՀ կառավարության ու Ճապոնիայի կառավարության միջև կնքվել է դրամաշնրոհի պայմանագիր։ Դրամաշնորհը կազմել է 3,8 միլիոն դոլար։ Մյուս համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 27-ին Հայաստանի ու Ասիական զարգացման բանկի միջև. «Covid-19-ի արձագանքման ծրագիր» անունը կրող համաձայնագրով Հայաստանին է տրամադրվել 2 միլիոն եվրո։ «Նախատեսվող դրամաշնորհի միջոցները ևս կնպատակաուղղվեն նոր կորոնավիրուսային վարակի շրջանակներում համապատասխան բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը՝ բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- հայտնել են կառավարությունից։

Օգնություն Կարմիր խաչից

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 57 000 դոլարի օգնություն է ցուցաբերել Հայաստանին։ Սիվիլնեթին տրամադրված գրավոր պատասխանում կառավարությունը հայտնել է, որ Տավուշի, Արարատի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում կոմիտեն բաժանել է 550 պաստառ՝ վարակի տարածումը կանխող քայլերի վերաբերյալ, բացի այդ 6 մարզային հիվանդանոցներ ստացել են պաշտպանիչ ու մաքրող միջոցներ՝ 11 200 ձեռնոց, 3 600 վիրաբուժական դիմակ, 500 վիրաբուժական գլխարկ, 9 ինֆրակարմիր ջերմաչափ, 240 լիտր ախտահանիչ և այլն։

ՄԱԿ-ի աջակցությունը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ UNICEF-ը, Հայաստանին տրամադրել է 25 000 դոլարի անհատական պաշտպանիչ միջոցներ: Բացի այդ, ԿԳՄՍ-ին հեռավար կրթություն կազմակերպելու համար տրամադրվել է 80 000 դոլար, ևս 40 000 դոլար՝ երեխաների համար պլանշետներ ձեռք բերելու նպատակով։ UNICEF-ը 5 500 դոլարի չափով պաշտպանիչ պարագաներ է նվիրաբերել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ևս 8 800 դոլար՝ բնակելի խնամքի վայրերում աշխատող աշխատակիցներին ու երեխաներին։

Պարենի համաշխարհային ծրագիրը, ըստ կառավարության, աջակցություն է տրամադրել սարքավորումների, բժշկական պարագաների ձեռքբերման համար ու միջոցառման ավարտին աջակցությունը կկազմի 1 միլիոն դոլար, իսկ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը 130 000 դոլարի պարագաներ ու բժշկական սարքավորումներ է տրամադրել։

«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ 2020-ի ապրիլի 3-ին ստեղծվել է UN Covid-19 Response and recovery: Multi-Partner trust fund հիմնադրամը։ Հիմնադրամը ՄԶԳ-ի, Յունիսեֆի, միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջոցով Հայաստանին է տրամադրել շուրջ 1 միլիոն դոլարի աջակցություն»,- նշել են կառավարությունից։

Աջակցություն ԱՀԿ-ից և Ատոմային էներգիայի միջազգային ընկերակցությունից

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին տրամադրել ու տրամադրելու է 80 000 դոլարի թեստ-համակարգեր ու սարքավորումներ, իսկ Ատոմային էներգիայի միջազգային ընկերակցությունը 90 000 եվրո բացառիկ սարքերի, նյութերի պաշար է տրամադրել Հայաստանին, ինչպես նաև 18 000 եվրո արժեքով դիագնոստիկ համակարգ։

Ամերիկյան օգնություն ՀՀ-ին

Ինչպես ներկայացրել է կառավարությունը, «ԱՄՆ-ի հետ ակտիվ երկխոսության շնորհիվ ի հավելումն ԱՄՆ-ի կողմից Հայաստանին 1,1 միլիոն դոլարի օգնության որոշմանը, կտրամադրվի ևս 600 000 դոլար օժանդակություն։ Բացի վերոնշյալ 1,7 միլիոն ԱՄՆ դոլարը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հանձնառություն է ստանձնել UNICEF-ի միջոցով 1 միլիոն դոլար, որը կորոնավիրուսի ճգնաժամային հաղորդակցությունը կազմակերպելու ու համայնքային ներգրավվածությանն էր ուղղված։

«ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հավելյալ հատկացնելու է 1,8 միլիոն դոլար Հայաստանում սոցիալական աշխատակիցների վերապատրաստաման, հասարակական աջակցության տրամադրման և տվյալների վրա հիմնված դեպքերի կառավարումը դյուրացնելու միջոցով COVID-19-ի հետևանքով առավել խոցելի խմբերին և նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով։ ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանի աջակցության նախաձեռնությունը վերածրագրավորել է Հայաստանին տրամադրվող 1,2 միլիոն դոլարի օգնությունը Հայաստանում COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմման համար, իսկ լրատվամիջոցների, քաղհասարակության համար նախատեսվել է 200 000 դոլար։

Աջակցություն տարբեր երկրներից

Կանադան Հայաստանին է տրամադրել 500 000 կանադական դոլար՝ բժշկական սարքավորոմներ ու պարագաներ ձեռք բերելու համար, Չինաստանից՝ Պեկինից իրականացված չվերթներով ընդհանուր առմամբ կողմից ՀՀ-ին 1 միլիոն դոլարի չափով օգնություն է տրամադրվել։ Հարավային Կորեան 316 000 դոլարի չափով պարագաներ է տրամադրել ՀՀ-ին, Նիդեռլանդները՝ 233 000 դոլարի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը՝ 40 000 շվեյցարական ֆրանկ` դարձյալ սարքավորումներ գնելու համար։

Շվեյցարական «Նովարտիս Ֆարմա սերվիսիս էյջի» ընկերությունը իր հերթին 36 000 դոլար է տրամադրել։ Ֆրանսիայի կողմից, ըստ կառավարության, օգնությունը եղել է ապակենտրոն, ՀԲԸՄ և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միության նախաձեռնությամբ Հայաստանին տրամադրվել է 30 000 եվրո, Լիտվայի կառավարությունը՝ 700 000 եվրո, իսկ Ռումանիայի զարգացման գործակալությունը 10 000 դոլար։

Այս ամենից զատ՝ ՀՀ և ՌԴ իրավասու մարմիների համագործակցության արդյունքում ռուսական կողմը ՀՀ-ին անվճար տրամադրել է 20 000 PCR թեստեր, 33 500 ռեվերտա ռեագենտ, 7 ինֆրակարմիր ջերմաչափ, շարժական լաբորատորիա։ Հնդկաստանը ՀՀ-ին տրամադրել է Հիդրոքսիքլորիքին դեղամիջոց՝ 5000 հիվանդի բուժման համար, Լեհաստանը՝ 20 000 դիմակ, 2 400 դիմավահան, 2 700 լիտր հակամանրէային ախտահանիչ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Արաբական միացյալ էմիրությունների թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի պայմանավորվածության արդյունքում հատուկ չվերթով Երևան է բերվել 7 տոննա բժշկական պարագաներ։ Սերբիան տրամադրել է 10 արհեստական շնչառության սարք, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 000 վիրահատական ու 100 000 շնչառական դիմակներ, 25 000 պաշտպանիչ դիմակ ու հանդերձանք, իսկ Բուլղարիան տրամադրել է 500 հավաքածու բժշկական պարագաներ։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել