ՀՀ քաղաքացիների 90.7%-ը գոհ է ավտոմեքենաների տեխզննման պարզեցումից

ՀՀ կառավարությունն ուսումնասիրել է բարեփոխումներ կրած 6 բնագավառներում քաղաքացիների ընկալումները: Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է մոնիթորինգի արդյունքները:

Ամենադրական ցուցանիշը գրանցվել է ավտոմեքենաների տեխզննման կտրոնների ընթացակարգի պարզեցման բնագավառում։ Քաղաքացիների 90.7%-ը, ովքեր տեղյակ են այս բարեփոխման մասին, գոհ են տեխզննման գործընթացի պարզեցման արդյունքներից:

Երկրորդ տեղում է մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում բժշկական տեղեկանքների ներկայացման գործընթացի պարզեցումը։ Այս բարեփոխմանը ծանոթ քաղաքացիների 87.5%-ը գոհ են արդյունքներից:

Բարեփոխումներից տեղեկացված քաղաքացիների 84.4%-ը գոհ է նաև նոտարական գրասենյակներում ծառայությունների սակագների հստակեցման և վերահսկման գործընթացից, իսկ 82.1%-ը դրական է գնահատում վարորդական վկայականների տրամադրման՝ մեկ օրինական վճարում անելու և մեկ քննություն հանձնելու գործընթացից:

Վարչապետի ներկայացրած հաշվետվության հինգերորդ տեղում է կադաստրում անշարժ գույքի առքուվաճառքի և վարձակալության ժամանակ գործընթացների պարզեցումը, մասնավորապես այն, որ չափագրումներն այլևս պարտադիր չեն։ Տեղեկացվածների 79.3%-ը գնահատում է, որ դրական արդյունքներն առկա են։

«Մենք անցկացրեցինք մի մեծ քարոզարշավ իրականացված բարեփոխումների վերաբերյալ։ Նպատակ էր դրված, որ յուրաքանչյուր քաղաքացի իմանա իր իրավունքների մասին։ «Ես գիտեմ» ակցիան գրանցել է բավական դրական արդյունքներ»,-նշել է Տիգրան Սարգսյանը և ավելացրել, որ բացի վերոհիշյալ 6 բնագավառների մոնիթորինգից, կատարվելու է ևս 18 տեսչական մարմնի մոնիտորինգ, որտեղ իրականացվել են բարեփոխումներ:

Մեկնաբանել