Ֆրանսիայի Սենատն ընդունեց «Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձև

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։

Բանաձևը Կառավարության համար խորհրդատվական բնույթ ունի։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ էլ Ֆրանսիային։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է բանաձևը։

«Խորին Երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ:

Հատկանշական է, որ, ի թիվս այլ կարևոր կետերի, ընդունված բանաձևով Սենատը դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

Կարևորում ենք Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը՝ կոչ անելու կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա»։ Հուսով ենք, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում»,- նշված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել