Հույները հիասթափվել են և՛ սոցիալիստներից, և՛ աջերից

Հարցումը ցույց է տվել, որ Հունաստանի ամենաժողովրդական քաղաքական ուժը շարունակում է մնալ աջակենտրոն «Նոր ժողովրդավարությունը». նրան աջակցում է հույների 19%-ը։ Երկրորդ տեղը 14,5% վարկանիշով զբաղեցնում է «Համահունական սոցիալիստական շարժումը» (ՊԱՍՕԿ)։ Ընդ որում՝ անցյալ ամիս իրականացված հարցումից մեկ ամիս անց երկու կուսակցություններն էլ կորցրել են 1,5% ձայն։ Նշենք, որ 2009թ. սոցիալիստներն ու աջերը միասին վերցրած ստանում էին ընտրողների ձայների մոտ 75%-ը։

«Խոշորագույն երկու կուսակցությունները չեն ստանում անցյալ ընտրություններում հավաքած ձայների անգամ կեսը։ Եթե հարցման տվյալները համապատասխանեն քվեարկության արդյունքներին, դա երկկուսակցական համակարգի ժողովրդականության աննախադեպ անկում կնշանակի»,- հարցման արդյունքները մեկնաբանել է Public Issue-ի ղեկավար Յանիս Մավրիսը։ Փորձագետները չեն բացառում, որ հաջորդ ընտրություններում կուսակցություններից ոչ մեկը չի կարողանա հավաքել կառավարության ձևավորման համար բավարար ձայների քանակը, որից հետո ևս մի քվեարկություն անցկացնելու անհրաժեշտություն կառաջանա։

Նման պայմաններում վերլուծաբանների ուշադրությունը թեքվում է դեպի երկրորդ շարքի կուսակցությունները, որոնք հաջորդ կառավարության ձևավորման ժամանակ կկարողանան իրենց խոսքն ասել։ Համաձայն Public Issue-ի տվյալների՝ ձախ արմատականների ՍԻՐԻԶԱ բլոկը ստանում է հարցվածների ձայների 13%-ը, «Դեմոկրատական ձախ ուժերը»՝ 12%-ը։ Հունաստանի կոմունիստական կուսակցությունն ու «Անկախ հույներ» վերաստեղծված կուսակցությունը ստանում են յուրաքանչյուրը 11% ձայն։ Խորհրդարան են անցնում նաև «Ոսկե արշալույս» կուսակցության նեոֆաշիստները (5%)։ Ազգայնական ԼԱՕՍ կուսակցությունն ու կանաչները հավասարակշռում են անցողիկ 3%-ի մակարդակում։

Հարցման արդյունքները հրապարակվել են Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլիասի՝ խորհրդարանը ցրելուց և այս տարվա մայիսի 6-ին խորհրդարանական վաղաժամ ընտրություններ նշանակելուց հետո։ Հունիսին երկիրը պետք է ընդունի միջնաժամկետ տնտեսական ռազմավարություն մինչև 2016թ., որը ենթադրում է բյուջետային ծախսերի լրացուցիչ կրճատում։ Բացի այդ՝ Աթենքը պետք է իրականացնի Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի վարկատուների հետ համաձայնեցված տնտեսական ծրագիրը, ինչպես նաև իրականացնի հունական բանկերի վերակապիտալավորում։