Պիտի սովորենք հարցնել ու պահանջել այս կամ այն որոշման կամ գաղափարի-ծրագրի ԳԻՆԸ

Ինչ-որ բան ասելու մե՜ծ անիմաստության ու անհուսության զգացողություն է ինձ մոտ՝ ի՞նչ ասես և ու՞մ ասես։ Բայց լռելն էլ սպանում է… Ուստի իմ կարճ խելքով մի բան, այնուամենայնիվ, ասեմ։

Որոշում ընդունողներից ու առաջնորդության հայտ ներկայացրածներից պիտի սովորենք հարցնել ու պահանջել այս կամ այն որոշման կամ գաղափարի-ծրագրի ԳԻՆԸ։ Բառի բուն և փոխաբերական իմաստներով։ Ու թե՝ ով է վճարելու այդ գինը։ Եւ ինչպե՞ս, ինչո՞վ։ Գումարո՞վ, նյարդային համակարգո՞վ, իրենց կյանքո՞վ ու զավակների կյանքո՞վ… Ու թե՝ որոշում ընդունողներն ու առաջնորդության հայտ ներկայացրածները վճարողների մեջ մտնու՞մ են, թե՞ ոչ։ Ու ինչպե՞ս են վճարելու, ինչո՞վ։ Մեզ նման ու մեր չա՞փ, թե՞ իրենցը միայն պոռոտախոսելն է, հայրենասիրությունն է, կարգախոսն է։ Պիտի կարողանանք պատին դեմ տալ, ասել՝ հայրենասիրական ճառերդ գիտես ուր խցկես, դու ինձ ասա՝ ո՞րն է գինը, ո՞վ է վճարելու և ինչպե՞ս։ Որպեսզի իմանանք մեր վճարելիքը ու հասկանանք՝ ընդունելի՞ է մեզ համար, թե՞ ոչ։ Որպեսզի ճշտելու և որոշման վրա ազդելու հնարավորություն ունենանք։ Որովհետև մենք անգամ մեր հավերի համար սակարկում ենք, բայց մեր ու զավակների կյանքի ու ապագայի հանդեպ հանցավոր անտարբերություն ունենք։

Ցանկացած գաղափար պիտի ենթադրի հստակ պատասխանատվություն։ Կոնկրետ-հասցեական պատասխանատվություն։ Պատասխանատվությունը պիտի կարողանանք դուրս բերել հայրենասիրության, պաթոսի, հերոս-դավաճանի տիրույթից և տանել իրավունքի-պարտականության, արդարության դաշտ։

Հասկանում եմ, որ իր քվեն, ասել է թե՝ իր ու զավակների ապագայի վրա ազդելու իր հնարավորությունը գրոշով, իր հավերից էլ էժան վաճառող հանրությանն անիմաստ է այս ամենը բացատրելը, այստեղից էլ՝ անհուսությունս։ Նաև հասկանում եմ, որ արմատական-հոգեկերտվածքային-արժեհամակարգային փոփոխություններն առաջինն իրականացնողները կամիկաձե են լինելու ու դառնալու են հերոս-դավաճան գաղափարաբանության առաջին զոհերը, այդ տիրույթում մենք պարզապես խժռելու ենք նրանց։ Նաև հասկանում եմ, որ ներքին այս աղետալի միջավայրից զատ նաև արտաքին միջավայրը բարենպաստ չէ, ու մեր այս ոչ ադեկվատ վիճակում մնալու շահառուներն ավելի շատ ու ավելի զորեղ են, քան այդ վիճակից մեր դուրս գալուն անկեղծորեն նպաստել ցանկացողները։ Բայց դե այլ ճանապարհ էլ չկա։ Կամ՝ գնացողը ճանապարհ կգտնի։

Ասում են՝ ինքնին ծարավի առկայությունը խոսում է այն մասին, որ ջուր կա, ինչ-որ տեղ սկզբունքորեն պիտի լինի…

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել