Հայաստանը կորոնավիրուսի պատվաստանյութի պատվերի կանխավճար է կատարել

Հայաստանի կառավարությունը բնակչության 10 տոկոսի հաշվարկով կորոնավիրուսի պատվաստանյութ պատվիրելու նպատակով կանխավճար է կատարել միջազգային հավաքական գնումների պլատֆորմի, որից օգտվում են աշխարհի 180 երկիրներ: Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով, այդ պլատֆորմում հավաքվում են բոլոր արտադրողների պատվաստանյութերը, որոնք ապագայում գրանցում ստանալու շանսեր ունեն: Այս պահի դրությամբ, նշում է Թորոսյանը, փորձաքննությունների փուլում է մինչև 10 պատվաստանյութ: «Նրանցից որը կհաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու: Այս պահի դրությամբ կատարվել է պատվաստանյութի նախնական պատվեր՝ 300 000 բնակչի հաշվարկով»,- ասաց նա:

«Մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա: Պատվաստանյութը ձեռք բերելու համար գնում ենք աշխարհին համընթաց: Խոսքը վերջնական հաստատված պրոդուկտի մասին է»,- նշեց նախարարը՝ նկատելով, որ փորձնական պատվաստանյութեր կան և կիրառվում են Եվրոպայում և ՌԴ-ում: «Մենք նրանց հետ էլ ենք բնակցություններ վարում, սակայն այդ բոլոր պրոդուկտները կան իմ նշած միջազգային հավաքական գնումների պլատֆորմում: Եթե օրինակ, ռուսական կամ ամերիկյան պատվաստանյութը վերջանական հաստատում ստանա ԱՀԿ-ի և այդ պլատֆորմի կողմից, մենք կարող ենք ընտրել դրանք»,- ասաց նա:

Նախարարը նաև ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը:

Թորոսյանը նշեց, որ նոյեմբերի 25-ից չունեն քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չեն կարողանում հոսպիտալացվել: «Հույս ունենք՝ իրավիճակը կպահպանվի», – ասաց նա՝ ավելացնելով, որ դեռ չեն մտածում մահճակալային ֆոնդը թեթևացնելու ուղղությամբ:

․․․

Օրեր առաջ Երևան էր ժամանել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որում նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ էին ընդգրկված։ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է փոխանցել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի` «Սպուտնիկ V»-ի առաջին նմուշները։

Հայտնի չէ, ՀՀ կառվարությունը որ երկրի արտադրած պատվաստանյութն է պատվիրել: Ամիսներ առաջ նախարար Թորոսյանը հայտնել էր, որ պատվաստանյութ ձեռք բերելու հարցում բանակցություններ են սկսել թե՛ ուղիղ արտադրողների և թե՛ հավաքական գնորդների հետ, ինչպիսին են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը (ԳԱՎԻ), որոնք կարող են միանգամից գնել մեծ խմբաքանակ և հավասարաչափ բաշխել։

Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմել 130 870, առողջացածների թիվը՝ 103 055։ Փաստացի բուժում է ստանում  25 228 հոգի։ Մահացել է 2 068-ը, ևս 519-ը՝ այլ պատճառներով։ Ընդհանուր կատարվել է 498 951 թեստավորում։