Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը հասել է ՍԴ

Նոյեմբերի 25-ին Սահմանադրական դատարանը «Mulberry» էլեկտրոնային համակարգով ստացել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով՝ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Այս մասին հայտնում են ՍԴ-ից՝ հավելելով, որ որպես դիմումի փաստական հիմք նշվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը և դրան կից փաստաթղթերը։

«Դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժ. 09։49-ին։ Ներկայումս ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով (Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները և կցվող նյութերը – խմբ․) նախատեսված պահանջներին։ Դիմումի ընդունման, վարույթի և գործի քննության ընթացակարգերի պարզաբանմամբ Սահմանադրական դատարանը հանդես կգա առանձին հրապարակումով»,- ասված է հաղորդագրությանմ մեջ։

Ազգային ժողովի խորհուրդը նոյեմբերի 24-ին որոշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանդրական դատարան։

Խորհրդի նիստից դուրս գալով՝ ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարեցին, որ քաղաքական որոշում է կայացվել։ Նրանք նշեցին, որ խորհուրդը դիտարկել է Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանգամանքը։ Պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց, որ վերցրել են մի դրվագ, երբ Ծառուկյանը մասնակցել է ընկերություններից մեկի ղեկավար կազմի ժողովին։ Սա, ըստ պատգամավորի, հիմք է հանդիսացել, որ խորհուրդը դիմի ՍԴ։ Նա նաև հավելեց, որ այդ ժողովին Ծառուկյանը մասնակցել է, քանի որ կալանավորված էր իր ընկերությունների կառավարիչ Սեդրակ Առուստամյանը։ Վերջինս «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենն է ու անցնում է մի քանի քրեական գործերով, այդ թվում՝ կաշառքի և փողերի լվացման։

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ դատարանը որոշումը պետք է ընդունի ոչ ուշ, քան դրա մուտքագրման օրվանից 30 օր հետո:

Այն պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող, ապացուցման բեռը կրում է դիմող կողմը, տվյալ դեպքում՝ ԱԺ-ն։ Գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

Մեկնաբանել