ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարին

ՈւԵՖԱ-ն ֆուտբոլային գործունեությունից ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, հայտնում է Տասսը։

Նման որոշում ընդունել է ՈՒԵՖԱ-ի էթիկայի վերահսկիչ և կարգապահապան կոմիտեն: Բացի այդ ՈՒԵՖԱ-ն 100 հազար եվրոյով է տուգանել «Քարաբախ» ֆուտբոլային ակումբին:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել էր նրան ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեություն իրականացնել։

Իբրահիմովը Ֆեյսբուքի իր էջում հրապարակում էր արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ կոչ անելով մինչև վերջին հայը ոչնչացնել։

Նա ջնջել էր հրապարակումը, սակայն ՈՒԵՖԱ-ն նրա նկատմամբ կարգապահական գործ էր բացել երկու հոդվածներով՝ «ռասիստական կամ այլ խտրական վերաբերմունք» և «քաղաքակիրթ վարքի հիմնական կանոնների խախտում»։

«Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ կպատժի Իբրահիիմովին։ ՈՒԵՖԱ-ն հեռացրել էր նրան մինչև քննության ավարտը։

Մեկնաբանել