Սոթքի հանքավայրի կեսը անցնում է Ադրբեջանին, կեսը՝ մնում հայկական կողմին

Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կանցնի հայկական կողմին, կիսով չափ ադրբեջանական կողմին։ Այդ մասին լրագրողնրի հետ զրույցում հայտարարեց ԶՈՒ գլխավոր շտաբի  պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Նոյեմբերի 26-ին լուրեր ու տեսանյութեր էին տարածվում, որ ադրբեջանական զինուժը մուտք է գործել հանքի տարածք, այդ մասին էին բարձրաձայնել նաև Սոթքի բնակիչները։ Սոթքի ոսկու հանքը շահագործում է ռուսական Գեոպրոմայնինգ ընկերությունը։ Խոսելով Սոթքում իրավիճակի մասին՝ Տիրան Խաչատրյանը ասաց. «Թյուրիմացությունը, որ կարող էր առիթ տալ նման եզրահանգումների, կապված կարող է լինել հետևյալի հետ. պետական սահմանը գրեթե հանքի կենտրոնական հատվածով է անցնում ու ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ տարածքի պաշտպանության համար, անցակետեր էին տրամադրվել, անվտանգության խնդիրներից ելնելով քայլեր էին ձեռնարկվել ռուսական նախաձեռնությամբ»,բացատրեց Խաչատրյանն ու տեղեկացրեց, որ ադրբեջանական զինուժը մոտենալով հանքի կոնկրետ հատվածի ռուսական կողմի առաջ հարց է բարձրացրել, որ ուղեփակոցները հանվեն, հանքի շրջակայքում ծառայություն իրականացնող ռուսական անվտանգության ուժերն էլ դուրս գան այնտեղից։ Գեներալ-լեյտենանտ Խաչատրյանը վստահեցրեց՝ սահմանից հետ դրված դիրքեր հայկական կողմը չունի։ 

«Չգիտեմ՝ հանքի սեփականատերերը ինչ պայմանավորվածություններ ունեն, միգուցե շարունակելու են նույն բնականոն ընթացքով շահագործել հանքը, բայց իրենք տեղեկացված էին իրավիճակին ու հանքի տեղանքին»,-նշեց ԳՇ պետի տեղակալ։ Նա նաև տեղեկացրեց, որ հանքի վրա հայկական զինուժն ունի դիրք, ցույց տվեց քարտեզներ, ըստ որի հանքով է անցնելու պետական սահմանը և ոսկու հանքի մի մասը մնալու է Հայաստանի տարածքում, մյուս մասը՝ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո։ Տիրան Խաչատրյանի խոսքով՝ Ադրբեջանը հանքի իրեն պատկանող հատվածի եզրագծով երեք դիրք է տեղադրել, Սոթքի հանքում դիրք ունի նաև ՀՀ ԶՈՒ-ն, իսկ ադրբեջանական ուժերը ՀՀ տարածք մուտք չեն գործել։ 

Ադրբեջանի կողմից Քարվաճառի ճանապարհին դարպասը կոտրելու և առաջ գալով Սոթք հասնելու լուրերին ի պատասխան Խաչատրյանը ասաց. «Անցակետը, որ ռուսական նախաձեռնությամբ է հիմնվել, եղել է ռուսական պատկանելիության, դա կոտրել են, թե բացել, ես չեմ տեսել, բայց դա բացվել է»։