Գերիների ազատ արձակումը, դիերի փոխանակումը՝ «րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր»․ ՄԻՊ

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը։ Նա հրատապ դիմել է միջազգային հանրությանը։

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանը և վճռականորեն հրավիրում է հատկապես մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այն հիմնախնդրի վրա, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները:

Հենց այս նպատակով ադրբեջանական իշխանությունները՝ որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է ՝ առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։

Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին»,- ասված է ՄԻՊ հայտարարությունում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները վկայում են, որ սա ատելության կազմակերպված քարոզի արդյունք է, խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի համակարգված քաղաքականության անբաժան մասը. «մարդկային երևակայության մեջ որևէ կերպ չտեղավորվող և միջազգային բոլոր պահանջներին հակասող այս արատավոր երևույթներն ունեն համակարգված և համատարած բնույթ՝ սկսած քաղաքական իշխանության մարմիններից մինչև մշակույթի ու սպորտի գործիչներ»։

ՄԻՊ-ը շեշտում է՝ պատերազմական գործողությունների ավարտից հետո հայկական կողմի գերեվարվածների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը նոր դրսևորումներ են ստացել. զգալիորեն աճել են դրանց թիվն ու տարածման ծավալները, ինչպես նաև դաժանության աստիճանը: Ակնհայտ է, որ խոշտանգումներ ու դաժանություններ կատարողներն ու տեսանկարահանողներն ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն են, ում արարքները միայն խրախուսվում են

«Ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

Հետևաբար, դիմում եմ միջազգային հանրությանը ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող արտերկրյա կառույցներին. անհրաժեշտ է առավելագույն առավելագույն հնարավորություններով ու իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը՝ որպես պատերազմական ամենածանր հանցագործություններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով»,- հայտարարել է Արման Թաթոյանը։

Մեկնաբանել