Սահմանազատումը տեղի է ունենում ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթացը ենթադրում է, որ Գեղարքունիքի մարզում Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով․ նոյեմբերի 27-ի տեսաուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտեց՝ այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով:

«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է: Իսկ այդ գործընթացը, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ենթադրում է նաև այդ թվում, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, ես հիմա խոսում եմ՝ կոնկրետ Քարվաճառի հատվածով: Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով:

Եւ ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է եւ ուզենք չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եւ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն եւ քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով. նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետեւ սովոր են արյունով իշխանության գալ եւ արյունով իշխանություն պահել»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի իրավապահ մարմինները «լիարժեք տիրապետում են իրավիճակին, եւ նաեւ իրավապահ մարմինները սա թույլ չեն տալու»: