Սոթքի ոսկու հանքավայրը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև

Գևորգ Թոսունյան

Մկրտիչ Կարապետյան

Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մուտք են գործել Գեղարքունիքի մարզում՝ Հայաստանի և Արցախի նախկին Քարվաճառ շրջանի սահմանի մեջտեղում գտնվող Սոթքի ոսկու հանքավայր։ Այս իրադարձությունն անսպասելի էր բոլորի, այդ թվում՝ հանքավայրի աշխատակիցների համար, որոնցից ոմանք տեսանյութեր էին հրապարակել և դժգոհում էին, որ կառավարությունը ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկում, ավելին՝ իրենց չի տեղեկացրել, որ րոպեներ անց անցակետ են մուտք գործելու Ադրբեջանի ներկայացուցիչները։ Հայաստանը և արդեն Ադրբեջանին անցած Քարվաճառը մինչ այդ՝ նոյեմբերի 25-ից, բաժանվել էին դարպասով, որը տեղադրվել էր հանքավայրից շուրջ 5 կմ հեռավորության վրա։

«Կես-կե՞ս», թե՞ հանքի մեծ հատվածը՝ Ադրբեջանին

Պաշտպանության նախարարությունը երեկ պարզաբանեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ թեմային, ասաց, որ հանքավայրը «կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում»:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը, որն ի դեպ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում արժանացել է «Ազգային հերոսի» կոչմանը, նոյեմբերի 26-ին որոշ մանրամասներ ներկայացրեց՝ հայտնելով, որ հանքը կիսով չափ կանցնի ադրբեջանական կողմին։ Խաչատրյանը նաև ցուցադրեց սահմանազատման հատվածը։

Նույնը կարող ենք տեսնել նաև Google համակարգի քարտեզներում։ Ավելի լավ խնդիրը պատկերացնելու համար ներկայացնենք արբանյակային լուսանկարներ։

Այսպես՝ եթե լինի այն սցենարով, որը ներկայացնում են պաշտոնատար անձինք, ադրբեջանական կողմին կանցնի ոչ թե հանքավայրի կեսը, այլ զգալի և հանքավայրի համար առավել պիտանի հատվածը։ Համաձայն արբանյակից արված լուսանկարի՝ Ադրբեջանի տարածքում կհայտնվի հանքավայրի ենթակառուցվածքներից խոշորը, ինչպես նաև հանքախորշեր տանող երթևեկելի հատվածը։

Տարբեր տարիների արբանյակային լուսանկարներից էլ պարզ է դառնում, որ հանքավայրը հիմնականում շահագործվել է հենց Քարվաճառի տարածքում, ավելին՝ դիտարկելով այդ լուսանկարներում ծանր տեխնիկայի շարժը՝ տեսնում ենք, որ հանքի տարածքում գործող հիմնական ճանապարհները նորից նույն Քարվաճառում են։

Ամենախոշոր հարկատուներից չորրորդը՝ վտանգված

Սոթքի ոսկու հանքավայրը շահագործում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը։ Համաձայն 2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսների առաջին 1 000 խոշոր հարկատուների ցանկի, որը ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտեն, այն չորրորդն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հետո։ Այս ոսկու հանքը միայն 2020-ին վճարել է ավելի քան 16 մլրդ դրամի հարկ։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալներից էլ պարզ է դառնում, որ 2020-ի հոկտեմբերին հանքն ունեցել է 1 654 աշխատող։ Ստորև ներկայացնում ենք վերջին չորս տարվա հարկերի մուծման, աշխատողների և հիմնադրամին ուղղված պարտադիր վճարի մասին տվյալները։

Հանքավայրի պատմությունն ու սեփականատերերը

Սոթքի հանքավայրի շահագործումը սկսվել է 1976 թվականից։ Հանքավայրում հիմնականում առկա են ոսկու, արծաթի պաշարներ։ Հանքի ազդակիր համայնքներն են Մեծ Մասրիկ և Սոթք գյուղերը։ 1996 թվականից Սոթքի ոսկու հանքավայրի սեփականատերը «Հայոսկի» պետական ձեռնարկության հետ համատեղ ամերիկյան «Գլոբալ գոլդ» ընկերությունն էր, ապա «Գլոբալ գոլդ»-ի բաժնեմասն անցավ կանադական First Dynasty Mines ընկերությանը, իսկ 2002 թվականին Սոթքի ոսկու հանքի միանձնյա սեփականատեր դարձավ հնդիկ Անիլ Ագարվալը, որը հետագայում հանքը վաճառեց ռուսական «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը։ Ժամանակին Վերահսկիչ պալատը փաստեր էր բացահայտել «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի կողմից ապօրինի շահագործման ու առանց արտոնագրերի հանքավայրը շահագործելու վերաբերյալ։

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության տվյալների համաձայն՝ Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի բաժնետոմսերի երկու խոշոր սեփականատերերն են Ռուսաստանի քաղաքացիներ Սիմոն Պովարենկինը և Ռոման Տրոցենկոն։ Վերջինս ռուս միլիարդատեր է, ըստ Forbes-ի՝ նրա ունեցվածքը կազմում է 1,3 միլիարդ դոլար։ Տրոցենկոն Aeon corporation ընկերության սեփականատերն է։ Այս ընկերությանն են պատկանում ռուսական 14 օդանավակայաններ, նավահանգիստներ, բարձրահարկ բիզնես կենտրոններ Եվրոպայում և այլուր, Տրոցենկոն նաև պետական «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինի խորհրդականն է։

Սոթքի ոսկու հանքի վերագնահատված պաշարները կազմում են 31 141 տոննա հանքաքար, որից՝ 133,5 տոննա ոսկի, 175,6 տոննա արծաթ։ 2018-ին Սոթքի ոսկու հանքը Շվեյցարիայի համադաշնություն է արտահանել 4 518 կիլոգրամ ոսկի՝ 162 միլիոն դոլարով։ Սոթքի ոսկու հանքի ընդերքօգտագործման թույլտվությունը թարմացվել է 2012-ին, նախատեսվում էր ավարտել 2026 թվականին։

Մեկնաբանել