Ֆրանսիայից Հայաստան է ժամանել հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը

Նոյեմբերի 27-ին Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը։

Հումանիտար չվերթն ուղեկցել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը։

Չվերթով Հայաստան է տեղափոխվել նաև Ազնավուր հիմնադրամի, Electriciens sans frontières ՀԿ-ի, UNICEF-ի և ԿԽՄԿ-ի մարդասիրական օգնությունը։

Այս մասին տեղեկացնում է հհ ԱԳՆ ու նշում, որ նոյեմբերի 21-ին նախագահ Էմանուել Մակրոնն այցելել էր «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որտեղ հայտարարել էր Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխելու համար նախատեսված երկու չվերթների մասին։

Ֆրանսիայի կառավարության կողմից կազմակերպված օգնության առաջին ինքնաթիռը Հայաստան էր ժամանել նոյեմբերի 22-ին։