Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործն ուղարկվել է դատարան

Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ցուցարարների ուղղությամբ ծխանռնակ նետելու փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Հայտնում են դատախազությունից՝ հավելելով, որ նշած արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա նույն օրը ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Ա. O.-ն:

«Հիմնավորվել է, որ Ա.O.-ն, նոյեմբերի 11-ին, ժամը 20:00-ի սահմաններում, օգտագործելով ալկոհոլ և հեռուստացույցով տեսնելով, որ ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի է ունենում հանրահավաք, զայրանալով այդ փաստից, դուրս է եկել բնակարանից, իր ընտանիքին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է ծխանռնակ և պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել ԱԺ-ի դիմաց, որտեղ անցկացվում էր հանրահավաքը:

Այդ անձը ծխանռնակը գործարկելով` նետել է հավաքված անձանց ուղղությամբ: Արդյունքում տեղի է ունեցել ծխարձակում, և այդ դիտավորյալ գործողություններով իրարանցում և խառնաշփոթ է առաջացել բազմամարդ հավաքի վայրում:

Ա. O.-ին վերջնարդյունքում մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նոյեմբերի 26-ին քրեական գործը ըստ էության քննելու նպատակով ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել