ՄԻԵԴ-ը բավարարել է 13 գերիների ներկայացուցիչների դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում գտնվող 13 գերիների ներկայացուցիչներ՝ Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։ Այս մասին հայտնում է Արտակ Զեյնալյանը։ Նրա տարածած հաղորդագրության մեջ նշվում է․

«27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։

Գերության մեջ հայտնված անձինք են՝ Վահե Առաքելյանը, Հայկ Արևշատյանը, Մելքոն Հովհաննիսյանը, Արտակ Ստեփանյանը, Նաիրի Ղուկասյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Նարեկ Սիրունյանը, Կարեն Մանուկյանը և Արայիկ Գալստյանը։ Ձերբակալված քաղաքացիական անձինք են Ջոնիկ Թևոսյանը, Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ»:

Մեկնաբանել