Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ են տեղակայել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Արցախում դաշտային հոսպիտալ է բացել։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը։

«Ավարտվել է պնևմոկարկասային մոդուլների տեղակայումը: Առաջին հերթին մենք կենտրոնանում ենք խաղաղապահ զորակազմը բժշկական օգնությամբ ապահովելու ուղղությամբ։ Եվ մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը։ Պատրաստ ենք տեղավորել մինչև 40 մարդ», – լրագրողներին հայտնել է բժշկական ջոկատի պետ Յարոսլավ Իվանովը:

Նա տեղեկացրել է նաև, որ հիվանդանոցը հագեցած է վերակենդանացման, ֆունկցիոնալ և լաբորատոր ախտորոշման բաժանմունքներով, վիրահատական, ատամնաբուժական և ակնաբուժական սենյակներով։ Կան թոքերի արհեստական օդափոխման սարքեր, ուլտրաձայնային և ռենտգեն սարքավորումներ։

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։