Կկարողանա՞նք արդյոք մերժել «միութենական պետության» առաջարկը

Հայաստանում շարունակվում են ղարաբաղյան պարտության հետևանքների խիստ հուզական քննարկումները: Պատերազմի քաղաքական հետցնցումները զգացվում են ներքաղաքական դաշտում: Շոկային վիճակը միայն խորացնում է բաժանարար գծերը:

Գերիշխում է մեկ օրակարգ՝ պառակտում՝ համեմված անորոշությամբ: Սա այն պարագայում, երբ տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո անվտանգության նոր սպառնալիքներ են առաջ եկել: Ադրբեջանը հասել է Սյունիքի սահման, Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի լայնությունը կախված է ռուս-թուրքական բանակցություններից, Արցախը, փաստացի, հանձնված է Ռուսաստանին, իսկ Հայաստանը կտրուկ թուլացել է որպես տարածաշրջանային խաղացող:

Ներքաղաքական պառակտման օրակարգից՝ հներին նորերով, նորերին հներով կամ «նոր հներով» փոխարինելուց բացի այլ քննարկումներ չեն ծավալվում: Սպառնալիքների ու մարտահրավերների մասին ոչ մի լուրջ խոսակցություն: Գլխավոր շտաբի նախկին երկու պետերը մամուլի սրահներում կամ եթերներում են խոսում բանակին վերաբերող խիստ մասնագիտական խնդիրների մասին՝ պաշտպանելով կամ մեղադրելով իշխանություններին:

Այն, որ այդ քննարկումները չեն ծավալվում համակարգի ներսում, խոսում է պետական համակարգի վիճակի մասին: Այն վանող է, ոչ ներառական: Հաշվի առնելով Հայաստանի անվտանգության նոր սպառնալիքները՝ երկրի թիվ մեկ խնդիրը պետք է լինի բանակը մարտունակ վիճակի բերելը:

Այն, որ բանակը թե՛ լոգիստիկ, թե՛ սպառազինության և թե՛ անձնակազմի առումով վատ վիճակում է, չեն թաքցնում նաև իշխանության ներկայացուցիչները:

«Բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են»,- օրեր առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ Անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Իսկ ինչ է կատարվում մեր շուրջը՝ տարածաշրջանում, երբ Հայաստանը ընկղմվում է պառակտման ճահիճը: Արդյոք Հայաստանն ունի՞ հստակ մոտեցում՝ պատերազմն ավարտվե՞լ է, թե՞ պետք է պատրաստվել նոր պատերազմի:

Պուտինն ու Ալիևը հայտարարում են, որ հակամարտությունն ավարտվել է: Երևանը լռում է: Մենք պատրաստվում ենք երկարատև խաղաղությա՞ն, թե՞ նոր պատերազմի: Պատասխան չկա:

Հայաստանում արդյոք վերլուծվե՞լ է այն, ինչ տեղի ունեցավ արցախյան ճակատում կամ՝ ստեղծված իրավիճակը խնդրի կարգավորման և ռուս խաղաղապահների տեղակայման մեկքայլանի կոմբինացիա՞ է, թե՞ ավելի լայն օրակարգի մասին է խոսքը:

Արդեն իսկ Ռուսաստանում փորձագիտական մակարդակով խոսվում է Հայաստանի հետ միութենական պետություն ստեղծելու հեռանկարի հնարավորության մասին: Մի բան, որ եթե հայտարարվեր մինչև սեպտեմբերի 27-ը, կլիներ ֆանտաստիկայի ժանրից:

Այժմ Հայաստանն ո՞ւնի բավարար ներքին իմունիտետ ՌԴ-ի հետ միութենական պետություն ստեղծելու վերաբերյալ հնարավոր առաջարկը մերժելու համար:

Որևէ մեկը հարց տվե՞լ է իրեն՝ ինչո՞ւ սկսած 2015-2016-ից Ռուսաստանն առաջ է քաշել այսպես կոչված «Լավրովի պլանը»՝ 5+2 շրջաններ խաղաղապահների մուտքի և Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց:

Տրամաբանությունը հուշում է, որ դաշնակից պետության դիրքորոշումը մի փոքր այլ պետք է լինի: Գոնե այնպիսին չլինի, որ Երևանը տարիներ շարունակ մերժի իր առաջարկը, իսկ ոչ դաշնակից Ադրբեջանն ինչ-որ պահից համաձայնի դրան: Իսկ ո՞ր պահից և ինչո՞ւ է Ադրբեջանը համաձայնել այդ առաջարկին: Գուցե արցախյան խնդրի լուծումը տարածաշրջանային հավասարման անհայտներից մեկն է: Այն ներառում է ավելի մեծ՝ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների և տարածաշրջանում Ռուսաստանի միանձնյա առաջնորդության փաթեթ: Օրինակ՝ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու հնարավորությունը:

Թեպետ Մոսկվան յուրովի է մոտենում Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրին, բայց տարածաշրջանը կարևորում է իր ամբողջության մեջ: Արցախը՝ ոչ մեկին, ավելի ճիշտ՝ Ռուսաստանին:

Ստեղծված իրավիճակում միամտություն կլինի բացառել Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու և Հայաստանի՝ ՌԴ-ի հետ միութենական պետություն ձևավորելու քննարկումների հնարավորությունը: Նախկինում Հայաստանն ասում էր, որ կօգտագործի վետոյի իրավունքը Բաքվի՝ ԵԱՏՄ-ին միանալու քննարկումների պարագայում: Նոյեմբերի 9-ից հետո վետոյի իրավունքը Հայաստանի համար կա, սակայն չկա դրա կիրառման ներուժը:

Կարելի է միայն ենթադրել, որ Ղարաբաղը «մարսելուց» հետո մոտ ապագայում տարածաշրջանին ամբողջապես տիրանալու համար աշխարհաքաղաքական վճռորոշ պայքարը կարող է սաստկանալ Վրաստանի համար: Այժմ Ռուսաստանն ամենուր է Վրաստանի շուրջ՝ Սև և Կասպից ծովեր, Աբխազիա և Հարավային Օսիա, Հայաստան և Ղարաբաղ: Մոսկվան դեռ բավարարվում է Վրաստանում ամերիկայն (ՆԱՏՕ-ական) բազայի բացակայությամբ:

Հ.Գ. Տարածաշրջանի խորհրդարյանացումից 100 տարի անց Ռուսաստանն ամրապնդվում է՝ Հարավային Կովկասում ներկայացնելով միանձնյա առաջնորդության հայտ:

Մեկնաբանել