Արմեն Սարգսյանը գերիների հարցով դիմել է Վլադիմիր Պուտինին

Նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով:

Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները վերադարձնելու չափազանց զգայուն խնդրի լուծման գործում»,- նշված է նամակի մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը ասել էր, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերը իրենց ուշադրության կենտրոնում են։

Ռուսաստանի հայերի միությունը դիմել է Ռուսաստանի նախագահին, մտահոգություն հայտնել համատեղ հայտարարության՝ ռազմագերիների վերաբերյալ կետի իրականացման մասին։

«Այժմ այդ հարցով զբաղվում է անձամբ նախագահ Պուտինը։ Մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում ՌԴ նախագահի մասնակցությունը, և հարցի դրական լուծման հույս ունենք»,- ասել է նա։

Մեկնաբանել