Միշուստինը Փաշինյանին տեղեկացրել է, որ ԵՏՄ նիստը կարող է անցկացվել հեռահար եղանակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես հայտնում է վարչապետի կայքը, Միշուստինը տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից, դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է կայանար Մոսկվայում, իրականացվի հեռահար եղանակով:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Օրերս հաղորդվեց, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա։ Վարչապետը որոշում էր ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

Մեկնաբանել